Մենք աջակցում ենք Հայաստանի անկախությանը և տարածքային ամբողջականությանը․ Ռոբերտա Մեցոլա

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան ընդգծում է, որ Հայաստանը կարևոր գործընկեր է Եվրոպայի համար։ Եվրոպական խորհրդարանի նախագահն այդ մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցի ընթացքում։

«Մեծ պատիվ է ձեզ ողջունել ժողովրդավարության տանը` Ստրասբուրգում, Ձեզ այստեղ հյուրընկալելը վկայում է այն մասին, որ մենք հավատարիմ ենք Հայաստանին, և դուք հավատարիմ եք Եվրոպական ընտանիքին։ Թույլ տվեք հավաստիացնել, որ Հայաստանը կարևոր գործընկեր է մեզ համար։ Մենք անվերապահորեն մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, սահմանների անխախտելիությանը»,-ասաց Ռոբերտա Մեցոլան։

ԵՄ խորհրդարանի նախագահը հիշեցրեց, որ նախորդ լիագումար նիստին ընդունեցին բանաձև, որով դատապարտեցին Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա։ Ըստ նրա` այժմ անհրաժեշտ է կենտրոնանալ բանակցությունների վերսկսման վրա։

«Կոչ ենք անում հարգել հայերի իրավունքները Լեռնային Ղարաբաղում։ Միջազգային հանրության ակտիվ մասնակցությունը, Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի համար միջազգային երաշխիքները կարող են նպաստել խաղաղությանն ու հաշտեցմանը։ Մենք հավատարիմ ենք մնում բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացմանը` հիմքում ունենալով Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության սահմանների անխախտելիությունը, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը։ Եվրոպան կշարունակի աջակցել Հայաստանին այսօրվա վիճակը հաղթահարելու գործում։ Կոչ ենք անում սկսել բանակցությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրների վերաբերյալ` նպատակ ունենալով կնքել խաղաղության պայմանագիրը»,- հավելեց Ռոբերտա Մեցոլան։

Նա ընդգծեց, որ ամբողջովին հանձնառու են աջակցել այդ երկխոսությանը, բանակցություններին, որպեսզի տևական խաղաղություն ապահովվի տարածաշրջանում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային երկօրյա այցով Ստրասբուրգում է։ Օրակարգում մի շարք հանդիպումներ են եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ` քննարկելու տարածաշրջանային անվտանգության հարցերը։

ajax-loader