Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է ոռոգման ջրատարի ներքին ցանց։
Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Աստղաձորի ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 114 միլիոն 44 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսվում է ոռոգման ջրատարների կառուցում Աստղաձորի թիվ 43, 46, 47, 48, 75, 76, Ձորի առու, Արցախյան ազատամարտիկների փողոցներում՝ 3110 գծամետր ընդհանուր երկարությամբ, երկաթյա և երկաթբետոնյա կիսախողովակներով։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հոկտեմբերի սկզբից և կավարտվեն տարեվերջին։ 2023 թվականի հոկտեմբերի 16-ի դրությամբ շինարարական աշխատանքներն այստեղ իրականացվել են շուրջ 30 տոկոսով։