ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է 21 մլն անլեգալներից յուրաքանչյուրի համար դատական կարգով գործերը վարելու անհնարինության մասին՝ նրանց արտաքսումից առաջ։
«Ես չեմ կարող մեծ դատ վարել յուրաքանչյուր մարդու համար, որը երկիր է մտել անլեգալ,- ասել է նա ABC հեռուստաընկերության հարցազրույցում՝ նվիրված պետության ղեկավարի պաշտոնում իր երկրորդ ժամկետի առաջին 100 օրվան։- Նրանք 21 մլն մարդու թույլ են տվել անլեգալ երկիր մտնել»։
Թրամփը բազմիցս արտահայտվել է ԱՄՆ իմիգրացիոն քաղաքականությունը խստացնելու օգտին։ Հունվարի 20-ին պաշտոնն ստանձնելուց հետո նա հրամանագիր է ստորագրել Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրություն մտցնելու մասին։ Ներքին անվտանգության նախարարությունը ընդլայնել է ամերիկյան իրավապահ մարմինների լիազորությունները՝ նրանց թույլ տալով արտաքսել անլեգալներին այսպես կոչված արագացված ընթացակարգով, այսինքն՝ առանց իմիգրացիոն դատարանի թույլտվության։