Հանրապետությունում էներգետիկ անկախության ամրապնդումը մշտապես եղել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեության առանցքում: Այդ մասին վստահեցրեց հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ԱԺ-ում հանձնաժողովի՝ 2024թ գործունեության մասին հաղորդման ներկայացմանը:
«2024թ դեկտեմբերի 31-ի դրությամբ հանրապետությունում գործել են 191 փոքր հիդրոէլեկտրակայաններ, ևս 16-ը գտնվել են կառուցման փուլում: Կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների գործարկումից հետո հանրապետությունում կգործեն 207 հիդրոէլեկտրակայաններ՝ 467 Մվտ գումարային հզորությամբ»,-ասաց Մեսրոպ Մեսրոպյանը:
Անդրադառնալով արևային էներգետիկայի ոլորտին՝ հանձնաժողովի նախագահը նշեց, որ հանրապետությունում գործել են 72 արևային էլեկտրակայաններ, ևս 47-ը գտնվել են կառուցման փուլում՝ ներառյալ 55 Մվտ-անոց Մասրիկ 1 արևային կայանը: Վերջինիս շահագործման թույլտվությունը հանձնաժողովը տվել է այսօր՝ մայիսի 14-ին:
«Կառուցվող էլեկտրակայանների գործարկումից հետո հանրապետությունում կգործեն 119 արևային էլեկտրակայաններ՝ 577 Մվտ գումարային հզորությամբ»,-ասաց նա: