Արհեստական բանականությունը ավելացրել է ջրի սպառումը տեխնոլոգիական ընկերություններում

2022 թվականին Microsoft ընկերությունը 6,4 միլիարդ լիտր ջուր է սպառել։ Սա համարժեք է միջին չափի 640 միլիոն դույլ ջրի կամ օլիմպիական 2560 լողավազանի տարողության։ Տվյալները ներկայացված են Microsoft-ի բնապահպանական վերջին զեկույցում։ Պատճառն այն է, որ ChatGPT-ի նման արհեստական բանականության մոդելներ ստեղծելու համար շատ ջուր է անհրաժեշտ։ Սրանք հսկայական էլեկտրաէներգիա են պահանջում ու շատ ջերմություն են առաջացնում: 

Ինքը՝ OpenAI-ի GPT-4 մոդելը, արհեստական բանականության աշխատանքում ջրի նման ծավալների օգտագործումը հետևյալ կերպ է բացատրում․

«Պատկերացրեք, որ դուք ունեք գերարագ, գերխելացի և շատ զբաղված ուղեղ. ահա թե ինչպիսին է արհեստական բանականությամբ աշխատող համակարգիչը: Երբ մենք մարզվում ենք կամ շատ ենք մտածում, մեր մարմնի ջերմաստիճանը բարձրանում է, նույն կերպ համակարգչային ուղեղն է աշխատելիս տաքանում: Իսկ համակարգիչները չեն սիրում շատ տաքանալ․ նրանք կարող են խափանվել կամ սկսել դանդաղ աշխատել: Այսպիսով, մեզ անհրաժեշտ է միջոց՝ դրանք զովացնելու համար:

Մարդիկ այս իրավիճակում սառը ըմպելիք են խմում կամ կանգնում օդորակիչի առաջ։ Դե, համակարգիչներն էլ նման մի բան են անում: Ջուր չեն խմում, բայց այն օգտագործում են իրենց արտադրած ջերմությունը չեզոքացնելու համար։ Այս գործընթացը նման է այն բանին, թե ինչպես է մեքենայի ռադիատորը ջուր օգտագործում շարժիչը սառեցնելու համար:

Հիմա պատկերացրեք, որ կա այս համակարգչային ուղեղների մի մեծ խումբ՝ տվյալների կենտրոն, որտեղ բոլորը միասին են աշխատում: Նրանք հսկայական ջերմություն են առաջացնում, ուստի մեզ դրանք սառը պահելու համար շատ ջուր է պետք:

Այսպիսով, երբ մենք ասում ենք, որ AI-ն օգտագործում է ջուր, մենք նկատի ունենք, որ AI-ի հետևում գտնվող մեծ համակարգչային ուղեղին ջուր է պետք սառը մնալու և արդյունավետ աշխատելու համար»,- «Հետքի» հարցին պատասխանում է GPT-4-ը:

Associated Press-ը (AP) գրում է, որ առաջատար տեխնոլոգիական ընկերությունները՝ Microsoft-ը, OpenAI-ը և Google-ը, ընդունել են, որ արհեստական բանականության իրենց գործիքների աճող պահանջարկը հսկայական ծախսեր է պարունակում՝ թանկարժեք կիսահաղորդիչներից մինչև ջրի սպառման ավելացում:

Ըստ Microsoft-ի բնապահպանական վերջին զեկույցի՝ 2022-ին ընկերության ջրի սպառումը նախորդ տարվա համեմատ աճել է 34%-ով, ինչը հետազոտողները կապում են արհեստական բանականության ոլորտի զարգացման ու ռեսուրսների ներգրավման անհրաժեշտության հետ: 

Կալիֆոռնիայի համալսարանի Riverside-ի հետազոտող Շաոլեյ Ռենը փորձել է հաշվարկել ChatGPT-ի նման գեներատիվ արհեստական բանականության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:  AP-ի փոխանցմամբ՝ Ռենի թիմը գնահատել է, որ ChatGPT-ն յուրաքանչյուր 50 հրամանից հետո «խմում է» կես լիտր ջուր։ Կախված եղանակային պայմաններից ու հրամանների բարդությունից՝ ծավալը կարող է փոփոխվել։

Ռենը AP-ին ասել է, որ մարդկանց մեծամասնությունը տեղյակ չէ ChatGPT-ի հիմքում ընկած ռեսուրսների օգտագործման մասին, ինչի արդյունքում դրանց պահպանումն անհնար է դառնում: 

Պատասխանելով Associated Press-ի հարցերին՝ OpenAI-ը մեկնաբանել է, որ ընկերությունը «լրջորեն մտածում է» արհեստական բանականությունը լավագույնս օգտագործելու մասին:

«Մենք գիտակցում ենք, որ մեծ մոդելների ուսուցումը կարող է էներգատար և ջրատար գործընթաց լինել», – AP-ին ասել է OpenAI-ը։

Microsoft-ն էլ հայտարարել է, որ ներդրումներ է կատարում արհեստական բանականության ազդեցությունը հետազոտելու համար։ 

Հոդվածում օգտագործվել է ChatGPT-ի 4-րդ սերնդի (GPT-4) մոդելը։

Գլխավոր նկարը ստեղծել է արհեստական բանականությունը (Midjourney)

ajax-loader