Կառավարության նիստի քննարկմանն է ներկայացվել որոշման նախագիծ, որում առաջարկվում է փոփոխություններ կատարել արդեն իսկ հաստատված էներգետիկայի բնագավառի ռազմավարական ծրագրում մինչև 2040 թվականի և այդ ծրագրի իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցում։ Կառավարության նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։
«Այս նախաձեռնությունը պայմանավորված է ոլորտում տեղի ունեցող մի շարք գործընթացներով և այդ գործընթացներով պայմանավորված ցուցանիշներում և նպատակներում, ինչպես նաև ժամկետներում փոփոխություն կատարելու անհրաժեշտությամբ։
Առաջին հանգամանքն այն է, որ արդեն իսկ 2022 թվականին էներգետիկայի ոլորտում ներդրել ենք և անցել ենք ազատ շուկայավարման կանոններով կարգավորումներին, ինչը էականորեն փոփոխել է իրավիճակը։
Մասնավորապես, հրաժարվել ենք երաշխավորված գնով էլեկտրաէներգիա գնելու պրակտիկայից այն ծավալներով, ինչ ծավալներով նախատեսվում էր ռազմավարությունում և ծրագրում։
Եվ երկրորդ հիմնական հանգամանքը վերականգնվող էներգետիկայի ուղղությունների, հատկապես արևային ֆոտովոլտային կայանների ձևավորման և շահագործման հանձնելու տեմպերն են։ Այս տեմպերը լավ իմաստով ավելի հուսադրող են և ավելի մեծ, ինչը մեզ հնարավորություն է տալիս որոշակի ցուցանիշներ վերանայելու, բարելավելու և ավելի պոզիտիվ դարձնելու տրամաբանությամբ»,- ընդգծեց Տերտերյանը։
Փոխնախարարի խոսքով՝ ռազմավարության մեջ նոր ցուցանիշ են ֆիքսում, այն է մինչև 2040 թվականը վերականգնվող էներգետիկայի հզորությունը նախատեսվում է առնվազն հասցնել 2000 ՄՎտ-ի։
Նրա խոսքով՝ արդյունքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ արտադրված էլեկտրական էներգիայի մասնաբաժինը էլեկտրական էներգիայի համախառն վերջնական սպառման մեջ 2030 թվականին, ներառյալ խոշոր հիդրոէլեկտրակայանները, կհասնի շուրջ 50 տոկոսի, իսկ մինչև 2040 թվականը՝ շուրջ 60 տոկոսի։