2028թ. Հնդկաստանը համախառն ներքին արտադրանքի աճով կարող է դառնալ աշխարհի առաջին երկիրը եւ համաշխարհային տնտեսության զարգացման գլխավոր դրայվերը։ Այս մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը։
Գործակալության ուսումնասիրության համաձայն՝ Հնդկաստանի ՀՆԱ տարեկան աճը լավատեսական կանխատեսմամբ ընթացիկ տասնամյակի վերջին կարող է հասնել 9 տոկոսի։ Ընդ որում, անգամ ամենաբացասական սցենարի դեպքում, որի համաձայն՝ ցուցանիշը չի գերազանցի 6,5 տոկոսի տեմպը, Նյու Դելին, միեւնույն է, առաջ կանցնի աշխարհի տնտեսությունների թոփ-5-ի մյուս առաջատարներից։ Այսպիսով, երկիրը կդառնա համաշխարհային տնտեսության աճի հիմնական դրայվերը, ամփոփել է գործակալությունը։
Bloomberg-ի գնահատականներով՝ հաջողությունը զարգացնելու համար ներկա վարչապետ Նարենդրա Մոդին, երրորդ ժամկետով վերընտրման դեպքում, պետք է իրականացնի բազմավեկտոր տնտեսական քաղաքականություն։ Խոսքն այդ թվում ենթակառուցվածքի բարելավման, աշխատանքի արտադրողականության, ձեռնարկությունների քանակի եւ աշխատատեղերի ավելացման, ինչպես նաեւ հանրապետության ակտիվ ուրբանիզացիայի մասին է։
Ապրիլի 5-ին Հնդկաստանի Պահուստային բանկի ղեկավար Շակտիկանտա Դասը հայտնել է, որ հնդկական տնտեսությունը 2024-2025 ֆինանսական տարում (սկսվել է ապրիլի 1-ից) կարող է ավելանալ 7 տոկոսով։ Հնդկաստանի առեւտրի նախարարության արդյունաբերության եւ ներքին առեւտրի զարգացման վարչության տվյալներով՝ պետական խթանող վճարումները օգնել են երկրին նկատելիորեն ավելացնել էլեկտրոնիկայի, անօդաչուների եւ այլ արտադրանքի արտադրությունը տնտեսության 14 հատվածներում։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ