Հայտնի են ԿԳՄՍ նախարարության՝ 2025-ի դրամաշնորհային նախագծերը

Կայացել է ժամանակակից արվեստի, մշակութային կրթության և գրահրատարակչական ոլորտներում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ 2025 թվականին իրականացվող դրամաշնորհային ծրագրերի շնորհանդեսը. հայտնի են դրամաշնորհ ստացած նախագծերը:

Ներկայացվեցին ծրագրերի բովանդակությունը, ստեղծագործական ու կրթական արժեքը, ակնկալվող արդյունքները և երկրի մշակութային կյանքում դրանց ազդեցությունը:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ տարիներ շարունակ նախարարությունը տարբեր ոլորտներում իրականացնում է դրամաշնորհային մրցույթներ և յուրաքանչյուր տարի տարբեր ծրագրերի են աջակցում, որոնք իրականացվում են թե՛ մարզերում, թե՛ Երևանում:

«Այս միջոցառումը լավ հնարավորություն է մեկ տեղում հավաքելու մեր տարբեր գործընկերներին, այն հնարավորություն կտա ճանաչել միմյանց, ծանոթանալ միմյանց նախաձեռնություններին և ծրագրերին: Այս հանդիպումը նախաձեռնել ենք հենց այս ձևաչափով, որպեսզի հնարավորություն ունենանք տեսնել, թե  ինչ է մեզ սպասվում տարվա ընթացքում, և մյուս կողմից էլ հնարավորություն կտա տեսանելի դարձնել այս ծրագրերը»,-նշեց նախարարը:

Նա ընդգծեց՝ սա թույլ է տալիս, որպեսզի ամբողջության մեջ համագործակցային այս մթնոլորտում ավելի լավ հասկանան, թե ինչին են ուղղել  ջանքերը և դրանից ելնելով՝ պլանավորեն նախարարության հետագա աշխատանքները:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշեց, որ նախարարությունն ունի երկու տեսակի  ծրագիր՝ երկու տեսակի ֆինանսավորման աղբյուրներով:

«Ընդհանուր առմամբ, այս տարի հատկացված բյուջեն կազմում է 937 միլիոն դրամ, որ հատկացվել է երկու տեսակի նախագծերին: Նպատակային ծրագրերին, որոնք երկարաժամկետ են, հատկացվել է մոտ 389 միլիոն դրամ,  իսկ դրամաշնորհային ծրագրերին՝ 548 միլիոն դրամ: Դրամաշնորհային ծրագրերն իրականացվել են 8 ոլորտների տարբեր ուղղություններով»,-ասաց նախարարի տեղակալը:

Ըստ նրա՝ այս տարի ընդհանուր հատերի թիվը եղել է 142-ը, հաստատված դրամաշնորհները՝ 35-ը, մարզային միջոցառումները՝ 26-ը, իսկ նպատակային ծրագրերը՝ 22-ը:

Դրամաշնորհ ստացած «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը նշեց, որ այս փառատոնն արդեն դառնում է 23 տարեկան և շնորհակալ են, որ նախարարությունն ամեն տարի տրամադրում է աջակցություն:

Մխիթարյանն ընդգծեց՝ «Արմմոնո» փառատոնը շատ կարևոր է, քանի որ այն մեծ հնարավորություն է հատկապես երիտասարդ արտիստների համար ցույց տալու իրենց տաղանդը և ծանոթանալու ոլորտի միջազգային հյուրերին: 

ajax-loader