2024-ին դեղերի շրջանառության վերահսկումը կուժեղանա․ տեսչական մարմնի ղեկավար

2024թ. դեղերի շրջանառության վերահսկողությունը կուժեղանա։ Այս մասին հունվարի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը։

Նա պարզաբանել է, որ եթե դեղերի շրջանառության վերահսկման ոլորտում 2023թ. իրականացվել է 172 ստուգում ավելի քան 5 000 լիցենզավորված ընկերություններում, ապա 2024թ. նախատեսվում է իրականացնել 200 ստուգումից ոչ պակաս։

Նրա խոսքով՝ 2023թ. բացահայտված խախտումներն առողջապահության ոլորտում հիմնականում վերաբերել են դեղերի շրջանառությանը, ներմուծմանը եւ դեղերի իրացմանը, չգրանցված դեղերի ներմուծմանը, լիցենզիայի պահանջների կատարմանը բժշկական ծառայություններ ցուցաբերելիս, բուժաշխատողների հավաստագրերի բացակայությանը։

«2023թ. ստուգումների արդյունքներով՝ առողջապահության ոլորտում տնտեսվարող սուբյեկտներից մեկը տուգանվել է 850 մլն դրամով»,- նշել է Սարգսյանը։

Նա քաղաքացիներին կոչ է արել օրենքի խախտումներ հայտնաբերելու դեպքում, այդ թվում դեղերի պիտանիության ժամկետի հետ կապված, զանգահարել թեժ գիծ (81 07), ցանկալի է՝ դեղերը դեղատնից դուրս չհանելով։

ajax-loader