«Ռենջեր 2023»․ առաջին անգամ Հայաստանում անցկացվեց անտառապահների մրցույթ

Կենսաբազմազանության պահպանման գործում հայ ռենջերների դերի շեշտադրելու նպատակով առաջին անգամ կայացավ «Ռենջեր մրցանակաբաշխություն 2023» միջոցառումը, որին մասնակցում էին Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող բնության հատուկ տարածքների պահպանությունը համակարգող ՊՈԱԿ-ների 15 աշխատակիցներ՝ «Դիլիջան», «Սևան», «Արփի լիճ» ազգային պարկերից, «Խոսրովի անտառ» պետական արգելոցից, «Զանգեզուր կենսոլորտային համալիր», Արգելոցապարկային համալիր ՊՈԱԿ-ներից և Արփա պահպանվող լանդշաֆտից:

Մրցույթում առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրեց Ռուբեն Բադալյանը («Խոսրովի անտառ» պետական արգելոց), երկրորդ հորիզոնականը հավասար միավորներով կիսեցին Նարեկ Հովհաննիսյանը («Դիլիջան» ազգային պարկ), Արթուր Քոչարյանը («Խոսրովի անտառ» պետական արգելոց), Հարութ Աղաթելյանը («Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ), երրորդ հորիզոնականը զբաղեցրին Արթուր Պետրոսյանը («Խոսրովի անտառ» պետական արգելոց) և Արմեն Աբելյանը («Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ), «Դիլիջան» ազգային պարկի լավագույն կին աշխատակիցը լինելու համար մրցանակի արժանացավ նաև Անի Սաֆարյանը: 

Ամեն տարի հուլիսի 31-ն ամբողջ աշխարհում նշվում է  որպես Ռենջերների օր (World Ranger Day): Օրը նշվում է սկսած 2007 թվականից, այն հռչակվել է Միջազգային ռենջերների ֆեդերացիայի (IRF) կողմից՝ նշելու անտառապահների  ներդրումը բնության պահպանման գործում։

Օրվա խորհրդի համատեքստում Շրջակա միջավայրի նախարարությունն իր  գործընկեր Կովկասի բնության հիմնադրամի հետ հայտարարել էին «Ռենջեր 2023» մրցանակաբաշխության մասին։ Հայտարարված «Ռենջեր 2023» մրցանակաբաշխությանը մասնակցության հայտ էին ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող բնության հատուկ տարածքների պահպանությունը համակարգող ՊՈԱԿ-ների 49 աշխատակիցներ: Թեստավորման առաջին փուլը հաղթահարել էին 15 մասնակիցներ՝ անցնելով եզրափակիչ փուլ։

Եզրափակիչ փուլ անցած մասնակիցները ցուցադրեցին ֆիզիկական պատրաստվածության, տեղանքում կողմնորոշվելու և ժամանակակից տեխնիկական սարքերից օգտվելու հմտության, առաջին բուժօգնության, յուրաքանչյուրն իր ներկայացրած տարածքի բնապահպանական նշանակության և տարածքի իմացության իրենց կարողությունները։

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի արագ արձագանքման խմբի ավագ տեսուչ Արմեն Բաղդասարյանը նշեց՝ արդեն 3 տարի  աշխատում է տարածքում: Արագ արձագանքման 10 հոգուց բաղկացած թիմով արգելոցի ողջ տարածքով իրականացնում են պահպանություն: Արձանագրում են բոլոր տիպի խախտումները՝ պահպանելով և՛ բուսական, և՛ կենդանական աշխարհը: Հատուկ ուշադրության տակ են պահում նաև անտառի միակ հովազին:  

«Տարածքը հագեցած է տեխնիկայով, ունենք սարեր բարձրանալու համար նախատեսված երկու մեքենա: Տեխնիկան բավարար է, սակայն դրանք նորացնելու կարիք կա»,-ասաց Բաղդասարյանը: 

Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանը նշեց, որ իրենց գործառույթների մեջ է մտնում տարածքի տեխնիկապես վերազինման համար նախատեսվող ֆինանսական աջակցություն տրամադրելը: 

«Կովկասի բնության հիմնադրամը Հայաստանում աշխատում է 2010-ից: Արդեն 13 տարի է ֆինանսավորում ենք իրականացնում: Մեր հիմնական գործառույթը պահպանվող տարածքներին ֆինանսավորում տրամադրելն է, որը նախատեսված է ընթացիկ ծախսերը, մոնիթորինգի, զարգացման ծրագրերի ծախսերը հոգալու համար»,- ասաց նա՝ հավելելով, որ Շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ փորձում են լուծել առաջացած բոլոր խնդիրները: 

Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը նշեց՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում ամենամեծ և ծավալուն աշխատանքը վերապահված է հենց տեսչական գործողություններ իրականացնող աշխատակիցներին:

«Ըստ պահպանվող տարածքների՝ իրավախախտումների բնույթը խիստ տարբեր են, «Դիլիջան» ազգային պարկում շատ են անտառհատումները, «Սևան» ազգային պարկում՝ ապօրինի ձկնորսության դեպքերը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցն ամենափակ տարածքներից է, և այստեղ նույնպես իրավախախտումներ են լինում անտառհատումների և որսի տեսքով: Բոլոր դեպքերը արձանագրվում են հենց այդ տարածքում աշխատող տեսուչի կողմից: Նպատակ ունենք ոչ միայն կանխարգելել, այլև նվազեցնել իրավախախտումները, որի նպատակով էլ նախարարությունն արդեն իսկ նախաձեռնել և շրջանառության մեջ է դրել շրջակա միջավայրի պահպանության մասին օրենքը»,- ասաց Գրիգորյանը:

Օրենքի նախագծի շրջանակներում նախատեսվում է հատուկ պահպանվող տարածքներում և անտառներում պահպանություն իրականացնել շուրջօրյա ռեժիմով, ծառայությունը դարձնել խիստ մասնագիտացված: Օրենքի նոր նախագծով սահմանվել է հստակ ընթացակարգեր և գործառույթներ, որով պահպանություն իրականացնող տեսուչին վերապահվելու է լիազորություններ արձանագրություն կազմելու, զենք կրելու, իրավախախտման գործիքները առգրավելու, ոստիկանական տեսչական մարմնի հետ անմիջական կապի մեջ լինելու և այլն: Ըստ նախագծի 4 ազգային պարկերը, 3 արգելոցները, 27 արգելավայրերը և 232 բնության հուշարձանները հագեցված են լինելու այն տեխնիկայով և միջոցներով, որն անհրաժեշտ է տեսուչին լիարժեք պահպանություն իրականացնելու համար: 

«Այս պահին օրենքի նախագիծը ներկայացվել է կառավարության քննարկմանը, այն նաև դրվել է հանրային քննարկման: Ակնկալում ենք՝ մինչև տարեվերջ օրենքն ունենալ հաստատված տեսքով»,-եզրափակեց Գրիգորյանը: 

Միջոցառմանը մասնակցեցին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը,  Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Էլիզաբեթ Մեսուդը, Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավար Քաթրին Բուդեր-Փելցը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ,  հյուրեր և ԶԼՄ ներկայացուցիչներ։

ajax-loader