ԲՏԱ նախարարը հանդիպել է «Տիեզերական ճամբար 2023»-ի մասնակիցներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն այցելել է «Տիեզերական ճամբար 2023» (#SpaceCamp2023) գիտակրթական ծրագրի մասնակից ճամբարականներին: Ինչպես տեղեկանում ենք ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ռոբերտ Խաչատրյանը «Տիեզերական ճամբար 2023»-ի մասնակիցների հետ խոսել է տիեզերական տեխնոլոգիաների՝ Հայաստանի համար կարևորության մասին, նշել, որ Հայաստանի առաջընթացը կապվում է գիտության և տեխնոլոգիաների զարգացման հետ:

Ռոբերտ Խաչատրյանն անդրադարձել է հայկական առաջին արբանյակին, տիեզերական գործունեության ոլորտի մասնագետների պահանջարկին, ԱԹՍ-ներից արված լուսանկարների վերծանմամբ և մշակմամբ զբաղվող մասնագետների անհրաժեշտությանը։ Նախարարը վստահ է, որ հենց «Տիեզերական ճամբար 2023»-ի մասնակիցներն են վաղն արդեն համալրելու Հայաստանի համար այդքան պահանջարկ ունեցող մասնագետների շարքերը։

Հանդիպման ընթացքում ճամբարականները բազմաթիվ հարցեր են ուղղել նախարարին տիեզերական գործունեության, արբանյակաշինության, նախարարության կողմից իրականացվող ծրագրերի, մի շարք այլ թեմաների շուրջ։ Ծավալված քննարկման ընթացքում ճամբարականները նաև կարծիքներ ու նկատառումներ են ներկայացրել Հայաստանի տիեզերական ապագայի մասին, պատմել իրենց նպատակների, գաղափարների ու ծրագրերի մասին, անդրադարձել տիեզերքին վերաբերող թեմաների։

Այնուհետև նախարարը շրջել է ճամբարի աշխատարաններում, որտեղ մասնակիցները թիմերի բաժանված պրակտիկ աշխատանքներ են կատարել։

Ճամբարականները նախարարին են ներկայացրել արդեն իրականացված աշխատանքների արդյունքները՝ ԱԹՍ-ներով իրենց կողմից կատարված լուսանկարների, արբանյակներից ստացած օպերատիվ և արխիվային տվյալների մշակումները, վերլուծությունները, եզրակացություններն ու առաջարկությունները։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը օգոստոսի 6-12-ը Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական ուսումնարանում իրականացնում է «Տիեզերական ճամբար 2023» (#SpaceCamp2023) գիտակրթական ծրագիրը։

Արդեն 3-րդ տարին անցկացվող գիտակրթական ճամբարն այս տարի աննախադեպ էր դիմումների քանակով։ Մասնակցության դիմում ներկայացրած 1029 պատանիներից, թեստային առաջադրանքի արդյունքներով, ընտրվել են առավելագույն միավորներ հավաքած 107-ը։

Ճամբարային 7 օրերի ընթացքում «Տիեզերական ճամբար 2023»-ի մասնակիցների համար անցկացվում են դասախոսություններ և գործնական աշխատանքներ աստղագիտության, երկրի հեռակա դիտարկման տեխնոլոգիաների, երկրատեղեկատվական տեխնոլոգիաների, արբանյակների կառուցվածքի, ենթահամակարգերի վերաբերյալ։

Դասախոսություններից և ոլորտային աշխատաժողովներից բացի, ճամբարականների համար անցկացվում են արշավներ, ազգային պարերի ուսուցում, ֆիլմերի դիտում, հետաքրքիր հանդիպումներ ու միջոցառումներ:

ajax-loader