2023 թվականի ընթացքում Սյունիքի մարզում հանցագործությունների թիվն աճել է 434-ով կամ 44,4%-ով․ Գլխավոր դատախազություն

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Սյունիքի մարզի դատախազության աշխատանքներն ամփոփելու նպատակով, 2024 թվականի փետրվարի 24-ին խորհրդակցություն է անցկացրել Դատախազության՝ Կապան քաղաքի նստավայրում․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Քննարկմանը ներկա են եղել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղեկալ Գրիգոր Էլիզբարյանը, մարզի դատախազության դատախազները, այլք:

Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Աննա Վարդապետյանը մարզպետ Ղուկասյանի հետ քննարկել է մարզում առկա այն խնդիրները, որոնց լուծման և հատկապես կանխարգելման հարցում Դատախազությունը կարող է աջակցել:

Մարզպետի հետ զրույցի ընթացքում հանրապետության գլխավոր դատախազն ընդգծել է. «Դատախազների առջև խնդիր է դրված, որ Դատախազություն դիմած յուրաքանչյուր քաղաքացի իր դիմումի ընթացքի մասին պետք է պատշաճ տեղեկություն ստանա, նրանց պետք է պարզաբանվեն խնդրի լուծման ուղղությունները, իսկ անհնարինության դեպքում՝ պատճառները»: Աննա Վարդապետյանը կարևորել է դպրոցականների հետ դատախազների շփումները՝ օրինապահ վարքագծի նկատմամբ հարգալից վերաբերմունք ձևավորելու նպատակով:

Մարզպետ Ղուկասյանը դրական է գնահատել մարզի դատախազության հետ ամենօրյա աշխատանքային ձևաչափով քաղաքացիների խնդիրների համատեղ լուծմանն ուղղված առկա մեխանիզմները:

Մարզի դատախազ Մասիս Պողոսյանը, ներկայացնելով 2023 թվականի ընթացքում Սյունիքի մարզի դատախազության կատարած աշխատանքները՝ հայտնել է, որ 2023 թվականի ընթացքում Սյունիքի մարզում արձանագրվել է հանցագործությունների 1411 դեպք (2022 թվականին՝ 977 դեպք). հանցագոր¬ծության դեպքերն աճել են 434-ով կամ 44,4%-ով:

2023 թվականին նվազել է ծանր հանցա¬գործու¬թյունների դեպքերի քանակը՝ կազմելով 186 դեպք (2022 թվականին՝ 206 դեպք), միջին ծանրության դեպքերի քանակն աճել է 186-ով՝ կազմելով 485 (2022 թվականին՝ 299 դեպք):

2023 թվականի ընթացքում արձանագրվել է սպանության 4 դեպք (առանց հանկարծամահության) (2022 թվականին՝ 1 դեպք), սպանության փորձի 5 դեպք (2022 թվականին՝ 1 դեպք):

Մարզի տարածքում արձանագրվել է զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի ավելացում. 2023 թվականին՝ 84 դեպք՝ 2022 թվականի 36 դեպքի դիմաց:

Նվազում է արձանագրվել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների առումով (256 դեպք՝ 2022 թվականի 323 դեպքի դիմաց), աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները (2023 թվականին՝ 422 դեպք՝ 2022 թվականի 286 դեպքի դիմաց):

2023 թվականի ընթացքում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 53 դեպք (2022 թվականին՝ 24 դեպք). հանցագոր¬ծության դեպքերն աճել են 29-ով կամ 120,8 %-ով, այդ թվում՝ աճել են նաև իրացման դեպքերը՝ 9-ով կամ 90%-ով: Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների դեպքերի բացա¬¬¬հայտումը կազմել է 46,3 % (2022 թվականին՝ 32,2%):

Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է կաշառք ստանալու, տալու կամ միջնորդության 13 դեպք՝ 2022 թվականի 2 դեպքի դիմաց, կոռուպցիոն հանցագործությունների 25 դեպք՝ 2022 թվականի 22-ի դիմաց:

2023 թվականի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 208 քրեական վարույթ` 242 անձի վերաբերյալ (2022 թվականին՝ 139 քրեական գործ (վարույթ)` 165 անձի վերաբերյալ):

2023 թվականի ընթացքում Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված 167 քրեական գործով 183 անձի վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ, 12 գործով 28 անձի նկատմամբ` կարճման որոշումներ:

Մարզի դատախազության աշխատանքները ներկայացնելուց հետո, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում Սյունիքի կայազորի զինվորական դատախազության կատարած աշխատանքները:

Քննարկմանը մասնակցել են Ազգային անվտանգության ծառայության մարզային ներկայացուցիչները, Զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ և 9-րդ կայազորային քննչական բաժինների, Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության՝ կայազորի տարածքում տեղակայված բաժինների և բաժանմունքի ղեկավարները, Սյունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազները, այլք:

Կայազորի զինվորական դատախազ Հայկ Մարգարյանը հայտնել է, որ 2023 թվականի ընթացքում կայազորի զինվորական դատախազության կողմից սպասարկվող տարածքում արձանագրվել է 769 դեպք, որից 195-ը՝ հանցագործությունների դեպքեր են, իսկ 574-ը` զանցանքներ և պատահարներ են: 195 հանցագործություններից 115-ը զինվորական հանցագործություններ են, 80-ը` այլ հանցագործություններ: 2023 թվականի ընթացքում արձանագրված 195 հանցագործությունից 40-ը կատարվել է սպաների, 16-ը՝ պայմանագրային, 83-ը` ժամկետային զինծառայողների, 12-ը՝ չպարզված անձի, 13-ը հակառակորդի, 31-ը՝ քաղաքացիական անձանց կողմից:

2023 թվականի ընթացքում կայազորի զինվորական դատախազության դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 112 քրեական վարույթ՝ 133 անձի նկատմամբ (2022 թվականի ընթացքում՝ 45 քրեական գործ (վարույթ)՝ 59 անձի նկատմամբ):

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարզի դատախազներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել կոռուպցիոն հանցագործությունների քննության որակը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտը, իսկ Սյունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազներին՝ բանակում հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ աշխատանքները:

Հանրային կապերի բաժին

ajax-loader