«Սիթի Օֆ Սմայլ» հիմնադրամը 2023-ին ամբողջությամբ փակել է 244 շահառուի բուժման ծախս

«Սիթի Օֆ Սմայլ» հիմնադրամը  2023 թվականին աջակցել է 244 շահառուի` փակելով բուժման  ամբողջական ծախսերը:  Նրանցից 111-ը հիմնադրամ դիմել են ընթացիկ տարում: Շահառուներից 103-ը առողջացել և վերադարձել են տուն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց «Սիթի Օֆ Սմայլ» հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանն՝ ամփոփելով հիմնադրամի 2023 թվականի կատարած աշխատանքը: Նա նշեց, որ հիմնադրամն, առհասարակ, քաղցկեղով հիվանդ փոքրիկների կողքին է 2018 թվականից՝ ֆինանսավորելով   ընդհանուր 723 երեխայի բուժում, որոնցից 450-ն արդեն ավարտել են իրենց բուժումը:

Հիմնադրամի առաքելությունն այսօր կարևոր դեր ունի, քանի որ, ըստ տնօրենի՝ շատ-շատերը առանց հիմնադրամի աջակցության չէին կարողանա հոգալ բուժման ծախսերը: Նրա խոսքով՝ հիվանդների 70 տոկոսը գալիս են մարզերից և ունեն սոցիալական ծանր վիճակ:

«Մինչև այս պահը  հիմնադրամն արդեն աջակցել է 723 երեխայի՝  բուժման նպատակով տրամադրելով 1 մլրդ 671 միլիոն 146 հազար 194 դրամ: 2023 թվականին «Սիթի Օֆ Սմայլ»-ն աջակցել է 244 շահառուների, որոնցից 111-ը հիմնադրամ են դիմել  2023 թվականի ընթացքում: Շահառուներից 103-ը առողջացել են և արդեն վերադարձել են տուն:

2023  թվականին հիմնադրամն իր շահառուներին տրամադրել է մոտ 71 տեսակի դեղամիջոցների ավելի քան 10 հազար 300 տուփ, հոգացել է նաև իր շահառուների 1518 տարբեր տեսակի հետազոտությունների իրականացումը: Որպեսզի խուսափեն վերջույթների ամպուտացիայից,  հիմնադրամն իր երկու շահառուների համար ձեռք է բերել էնդոպրոթեզներ»,- նշեց Դեմիրճյանը:

Նա ընդգծեց, որ «Սիթի Օֆ Սմայլ» հիմնադրամի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ՝ Հայաստանում առաջին ու  միակ մանկական պալիատիվ խնամքի կլինիկայում առ այսօր համապատասխան խնամք և բուժօգնություն է ստացել 23 երեխա:

2023 թվականի ընթացքում 9 բժիշկ և բուժաշխատող հիմնադրամի ջանքերով մասնակցել է ուռուցքաբանությանը և արյունաբանությանը վերաբերող հեղինակավոր գիտաժողովների՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում և Միջին Արևելքում: Հիմնադրամը շարունակում է ապահովել մանկական քաղցկեղի և արյան բուժում ստացող բոլոր երեխաների սնունդը. 2023 թվականին տրամադրվել է օրական 4-անգամյա սննդի 8895 փաթեթ:

«2022 թվականին բացված՝ քաղցկեղ ունեցող երեխաների և նրանց ընտանիքների անդամների համար նախատեսված հոգևոր վերականգնողական կենտրոնում մինչ օրս աջակցություն է ստացել 27 երեխա և երիտասարդ: Հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանում անցկացվել են տարածաշրջանային հանդիպումներ, գիտաժողովներ,  որոնց մասնակցել են մի շարք հեղինակավոր կլինիկաներ և մասնագետներ, ինչը հնարավորություն է տվել ստեղծել նոր կապեր և համագործակցության նոր ուղիներ:

Հիմնադրամի համաֆինանսավորմամբ 2023 թվականի օգոստոսից ՀՀ-ում առաջին անգամ անցկացվեց ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստման աննախադեպ ծրագիրը՝ արյան չարորակ հիվանդությունների համար: Մինչ օրս փոխպատվաստում է իրականցվել 9 երեխայի համար»,- ընդգծեց նա:

Էսթեր Դեմիրճյանը նշեց, որ պարզապես անհնարին կլիներ հարյուրավոր երեխաների բուժումը, խնամքը և ապաքինումը՝ առանց պրոֆեսիոնալ և նվիրյալ մասնագետների  ջանքերի, հազարավոր  հոգատար նվիրատուների և տասնյակ հազարավոր բարի մարդկանց, ովքեր նվիրատվություն են անում հանգանակության արկղիկի միջոցով:

Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ, Իմունաուռուցքաբանության հետազոտական ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գևորգ Թամամյանը նշեց, որ առանց «Սիթի Օֆ Սմայլ» հիմնադրամի աջակցության շատ դժվար  կլիներ ունենալ այն զարգացումն ու առաջընթացը, ինչն այսօր գրանցվում է Հայաստանում:

«Վերջին 30 տարում, իմ կարծիքով, դժվար թե Հայաստանում լինի ոլորտ, որը նման աննախադեպ առաջընթաց ունենա, ինչը որ ունի մանկական ուռուցքաբանության և արյունաբանության բնագավառը: Դրա մասին են խոսում մեր գրանցած բուժելիության բարձր արդյունքները, մեր մասնագետների պահանջված լինելու փաստը և տարբեր երկրներից  բուժման նպատակով հատուկ մեր երկիր ժամանողների թվաքանակի աճը»,- ասաց Թամամյանն՝ ընդգծելով, որ մեծ է նաև հիմնադրամի աջակցությունը՝ իրենց մասնագետների գիտելիքների և հնարավորությունների մեծացմանը նպաստելու գործում:

ajax-loader