Վթար Աշտարակի խճուղում, կան տուժածներ և մեկ զոհ

Սեպտեմբերի 8-ին, ժամը 00։04 -ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Կովկաս» հյուրանոցառեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

Ինչպես տեղեկանում ենք ՆԳՆ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, դեպքի վայր են մեկնել  Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ 

Պարզվել է, որ Աշտարակի խճուղում՝ «Պռոշյան Սիթի» խանութի մոտակայքում, «Kia» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «Mercedes-Benz» մակնիշի բեռնատարին. «Kia» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք, իսկ ուղևոր Օ․ Հ․-ն (ծնված 1950 թ․) տեղում մահացել է։ 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և մյուս ուղևորը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն։ 

Փրկարարները դուրս են բերել Օ․ Հ․-ի դին, մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային, փակել «Kia» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։

ajax-loader