Հայաստանում 2025 թվականին նախատեսվում է խաղողի մթերման ծավալները հասցնել մինչև 200 հազար տոննայի։ Կառավարության՝ հոկտեմբերի 9-ի նիստում այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով մթերողներին աջակցության նոր նախագիծը։
Նախարարի խոսքով՝ խաղողի մթերումներ իրականացնող կազմակերպությունները խնդիրների են բախվել շրջանառու միջոցների անբավարարության և ազատ գրավի սակավության պատճառով։ Նա նշեց, որ դրանք լուծելու նպատակով նախագծով առաջարկվում է պետական երաշխիքների տրամադրում՝ ապահովման միջոցների ոչ բավարար մակարդակի դեպքում։
«Սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 30-ը կառավարությունը կտրամադրի մինչև 50 տոկոս բյուջետային երաշխիք, սակայն ոչ ավելի, քան նախորդ տարի արտահանված արտադրանքի արժեքը։ Վարկերը կտրամադրվեն առավելագույնը 27 ամիս մարման ժամկետով»,- ասաց նախարարը։
Միևնույն ժամանակ, նախարարը տեղեկացրեց, որ խաղողագործների հետ պայմանագրերի կնքման ժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 1-ը, ինչը թույլ կտա նաև այն խաղողագործներին մասնակցել մթերումներին, որոնք մինչ այժմ պայմանագիր չեն ունեցել։
Նախարարի ներկայացրած տվյալներով՝ խաղողի մթերումները սկսվել են օգոստոսին՝ շուրջ 50 մթերման կետերում։ Հոկտեմբերի 9-ի դրությամբ արդեն մթերվել է շուրջ 167 հազար տոննա խաղող, ինչը 20 հազար տոննայով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում (147 հազար տոննա)։
«Պլանավորում է, որ այս տարի մինչև 200 հազար տոննա խաղող կմթերվի»,-ընդգծեց Պապոյանը։