Գործադիրը 2,6 մլրդ է հատկացրել միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների միջին նորոգման համար

«Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգում» միջոցառման կատարումն ապահովելու նպատակով կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում։

Միջոցառման շրջանակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 5 ավտոճանապարհների միջին նորոգման աշխատանքների համար կնքել է 2,624,260․8 հազ․ դրամ արժողությամբ պայմանագրեր: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նախատեսվում է ֆինանսավորվել ընդհանուր 60.7 կմ ճանապարհների միջին նորոգման աշխատանքներ, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 13.25 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 47,49 կմ: 

«Այս տարի նախնական 150 կմ–ի հաշվարկ ունենք, քանի որ այդ աշխատանքները հեշտ և արագ են կազմակերպվում հիմնականում տարվա երկրորդ կեսին ենք սկսում դրանց իրականացումը, հաշվի առնելով, որ հիմնանորոգումները ավելի երկարատև և ծավալուն աշխատանքներ են։ Սա առաջին մոտ 60 կմ ֆինանսավորումն է, դեռ այսպիսի մոտ 90 կմ–ի համար մենք ֆինանսավորում կունենանք, որոնք ընթացքի մեջ են»,– ասել է նախարարը։

Վարչապետը ներկայացրել է, թե որ ճանապարհները պետք է նորոգվեն՝ Երևան – Սևան միջպետական նշանակության ավտոճանապարհի Պտղնի համայնքից դեպի Չարենցավան ընկած հատվածի միջին նորոգման աշխատանքներ (աջ գոտի)՝ ընդհանուր 13.25 կմ, 750 մլն ՀՀ դրամ պայմանագրային արժեքով, Արմավիր-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Արմավիր քաղաքից դեպի Քարակերտ ճանապարհահատվածում 3 տեղամասերի միջին նորոգման աշխատանքներ՝ ընդհանուր 13.25 կմ, 600 մլն ՀՀ դրամ պայմանագրային արժեքով, Ջրառատ -Մեղրաձոր-Հանքավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի Հրազդանից Հանքավան ընկած ճանապարհահատվածում 2 տեղամասերի միջին նորոգման աշխատանքներ՝ ընդհանուր 28.185 կմ, 999,9 մլն ՀՀ դրամ պայմանագրային արժեքով, Սևան – Մարտունի միջպետական ճանապարհից դեպի Գավառ տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքներ (Գավառ քաղաքի մուտք)՝ ընդհանուր 4.005 կմ, 200,26 մլն ՀՀ դրամ պայմանագրային արժեքով, Ակնալիճ համայնքից դեպի Մեծամորի թանգարան տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքներ՝ ընդհանուր 2.05 կմ, 73,9 մլն ՀՀ դրամ պայմանագրային արժեքով:

Դեպի Մեծամորի թանգարան ճանապարհի նորոգումը Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև մշակութային կյանքի ու թանգարանի գործունեության համատեքստում. «Այստեղ մենք շատ լուրջ փոփոխություններ եք արել և այդ փոփոխությունների տրամաբանությունը պետք է շարունակենք: Ճանապարհները պետք է նորոգենք, որպեսզի միջազգային զբոսաշրջիկներին այնտեղ տանելու համար անհարմարություններ չստեղծվեն»։

Անդրադառնալով ճանապարհների սպասարկման խնդրին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ դրա հետ կապված քննարկում է ունեցել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ. «Լրջորեն պետք է զբաղվենք դրանով: Ճանապարհի կառուցման հաջորդ պահից պետք է պատշաճ սպասարկումը իրականացվի։ Ճանապարհի կյանքը երկարացնելու, պետական միջոցները խնայելու, պետության վարկանիշի, մարդկանց հարմարավետության և ճանապարհային անվտանգության մասին է խոսքը։ Այս ուղղությամբ մենք պետք է քայլեր ձեռնարկենք»:

Այդ համատեքստում գործադիրի ղեկավարը խոսել է նաև օգոստոսի 14-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի մասին: «Դեպքից անմիջապես հետո փորձել ենք հասկանալ, թե ինչ կարող էին անել մեր ծառայությունները՝ վթարը կանխարգելելու համար: Առաջին միտքն այն էր, որ եթե վարորդների փաստաթղթերի հետ ինչ-որ բան այն չէ, մենք կարող էինք վերապահում ներկայացնել ոստիկանությանը, թե ինչո՞ւ ճանապարհին չեք հայտնաբերել այդ մեքենաները, որ պատշաճ փաստաթղթեր չունեն: Բայց շատ արագ արձանագրեցինք, որ վարորդական իրավունքները իրավազոր են։ Ընդ որում՝ դուրս ենք բերել վարորդների վարորդական խախտումների հետագիծը, ոչ մի առանձնահատուկ բան չկա: Այսինքն՝ չենք էլ կարող ասել, որ վարորդներն առանձնահատուկ խախտումներին հակված են եղել։ Այնպիսի խախտումներ էին, որ յուրաքանչյուր վարորդի հետ կարող է պատահել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ մեքենաներն ապահովագրված և տեխնիկական զննում անցած են եղել։

Կառավարության ղեկավարը, դիմելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, հետաքրքրվել է դեպքի մանրամասներից: Կոմիտեի նախագահը նշել է, որ դեպքի վերաբերյալ փորձաքննություն է նշանակված. «Արդյունքում կհասկանանք՝ կա՞ խախտում, թե՞ ոչ, եթե կարձանագրվի, ապա փորձագետը կասի, թե ով է մեղավոր»։

Վարչապետի խոսքով՝ պետք է սպասել քննության արդյունքներին․ «Երթևեկության անվտանգության ապահովման հետ կապված մեր միջոցառումները պետք է լինեն շարունակական։ Փոխվարչապետի գլխավորությամբ գործում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բարձրացնելուն ուղղված աշխատանքային խումբ, որը փորձում է վերլուծել՝ վթարների պատճառները, սև կետեր կոչված հատվածներն են, որտեղ շատ հաճախ են նման դեպքեր գրանցվում։ Սա մի աշխատանք է, որ պետք է անընդհատ արվի՝ անկախ նրանից այսպիսի մեծ ողբերգության դեպքի հետ առնչվո՞ւմ ենք, թե՞ չէ, ոստիկանությունը պետք է շատ ուշադիր լինի։ Առավել ևս հին արտադրության բեռնատարների տեխնիկական վիճակի հետ կապված պարեկային ոստիկանությունը հատկապես պետք է շատ ուշադիր լինի»։

Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև շինարարության հրապարակներից դուրս եկող մեքենաների թեմայի մասին և նշել. «Շինարարությունն աշխուժացել է, դա լավ է, պետք է խթանենք, բայց մյուս կողմից պետք է ուշադրություն դարձնենք հետևյալ խնդրին՝ ավազի հանքերից, շինհրապարակներից դուրս եկող ավտոմեքենաներն անիվների հետ բերում են ցեխ, ավազ, աղբ: Այն տեղերում, որտեղ ավազի հանք, շինարարություն կամ մեքենանների հավաքակայան կա, հարյուրավոր մետրերով ճանապարհն աղտոտված է»։ Վարչապետը հանձնարարել է ՏԿԵ նախարարությանը ու տեսչական մարմիններին ուշադրություն դարձնել այդ խնդրին:

նյութը՝ Հետք-ի

ajax-loader