Քրեակատարողական ծառայողը 2 տարի անընդմեջ կրեդիտներ չհավաքելու դեպքում կազատվի աշխատանքից

Հայաստանում օրենքի նոր նախագծով նախատեսվում է քրեակատարողական ծառայողին ազատել աշխատանքից, եթե նա երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանա:

«Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովի նիստում ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանը:

Ներկայումս քրեակատարողական ծառայողի համար վերապատրաստման կամ հատուկ ուսուցման դասընթացների ավարտին հանձնվող ստուգարքի արդյունքում բացասական, չստուգված գնահատական ստանալու դեպքում օրենքով հստակ իրավական հետևանքներ նախատեսված չեն:

«Նախագծով առաջարկվում է քրեակատարողական ծառայությունից քրեակատարողական ծառայողին ազատելու համապատասխան հոդվածում ավելացնել հետևյալ կարգավորումը՝ երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու, ինչպես նաև երկու տարի անընդմեջ հատուկ ուսուցման և (կամ) քրեակատարողական ծառայության գերակա խնդիրների արդյունավետ լուծմանն ուղղված քրեակատարողական ծառայողների մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների զարգացման անհրաժեշտությամբ պայմանավորված վերապատրաստման դասընթացների ավարտին հանձնվող ստուգարքի արդյունքում բացասական՝ «չստուգված» գնահատական ստանալու դեպքում: Այսինքն՝ եթե 2 տարի անընդմեջ չստանան համապատասխան կրեդիտներն, ազատվելու են աշխատանքից»,-ասաց փոխնախարարը:

ajax-loader