Բացահայտվել է «Տելեգրամով» թմրամիջոցների ապօրինի իրացման արդյունքում փողերի լվացման 2 դեպք

Երևան քաղաքի բնակիչ Ի.Մ.-ն 2019-2020 թվականներին, Խ.Ֆ.-ի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, տելեգրամյան էջերի միջոցով տևական ժամանակ զբաղվել է իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ: Այդ հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։

2020 թվականի գարնանից, Ի.Մ.-ն «Telegram» հավելվածում ստեղծել և կառավարել է «Tam Vegal», «Tam Vegal_EVN» և «Tam VegalShop_EVN» առցանց խանութ-հարթակները, դրանցում որպես վճարային գործիք՝ տեղադրել է այլ անձանց անուններով գրանցված, սակայն իր կողմից կառավարվող էլեկտրոնային դրամապանակների վերաբերյալ տեղեկատվություն:

Արդյունքում՝ Ի.Մ.-ն, 2020-2022 թվականների ընթացքում, նշված խանութ հարթակների միջոցով ապօրինի իրացրել է առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ: Իրացման արդյունքում ստացված՝ 75 մլն 881 հազար 441 դրամի հանցավոր ծագումը թաքցնելու, դրան օրինական տեսք հաղորդելու նպատակով՝ գումարները փոխանցվել են տարբեր անձանց անուններով գրանցված, սակայն Ի.Մ.-ի կողմից փաստացի կառավարվող ինչպես օտարերկրյա, այնպես էլ ՀՀ-ում գրանցված էլեկտրոնային դրամապանակներին:

Այնուհետև, վերոնշյալ գումարները փոխանցվել են Ի.Մ.-ի էլեկտրոնային դրամապանակներին, որոնք Ի.Մ.-ն կանխիկացրել կամ այլ կերպ տնօրինել է:

Ի.Մ.-ի կողմից որպես պահեստ և գրասենյակ օգտագործված տարածքում, վարձակալած բնակարանում, ամառանոցում և նրա կողմից շահագործվող «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայում կատարված խուզարկություններով հայտնաբերվել են՝ 175,632 գրամ քաշով «MDMB(N)-022», 214,105 գրամ քաշով «մարիխուանա», 6,710 գրամ քաշով «մեթամֆետամին», 5 գրամ քաշով «հաշիշ», 0,655 գրամ քաշով «ամֆետամին», ընդհանուր 10,811 գրամ քաշով 115 հատ «պսիլոցին պարունակող սնկերի» հատվածներ, 810 գրամ քաշով «Կանեփ» և 0,317 գրամ մաքուր քաշով «մեֆեդրոն (4-մեթիլմետկատինոն)» տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաև 169 գրամ քաշով 7 հատ ամբողջական կանեփի բույսեր:

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 11-ին Ի.Մ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում):

ajax-loader