Լիազորված տնտեսական օպերատորը կդառնա ինքն իր մաքսային տեսուչը. Բադասյան

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 31-ի նիստում փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում, որով ւես մեկ նախադրյալ է ստեղծվում լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի զարգացման համար:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի խոսքով` լիազորված տնտեսական օպերատորը հատուկ կարգավիճակ է, որը մաքսային մարմնի կողմից տրվում է տնտեսվարող սուբյեկտին, եթե այդ սուբյեկտը նվազ ռիսկայնություն է ներկայացնում մաքսային իրավախախտումների տեսանկյունից.

«Այդ կարգավիճակը հնարավորություն է տալիս տնտեսվարողին օգտվել մի շարք մաքսային պարզեցված ընթացակարգերից: Փուլ առ փուլ տնտեսվարող սուբյեկտը դառնում է ինքն իր  մաքսային տեսուչը, եւ  մաքսային մարմնի հետ հարաբերությունները հասցնում են նվազագույնի»,- ասաց Բադասյանը:

Նրա խոսքով, այս փուլում այդպիսի տնտեսվարողներին հնարավորություն են տալիս անհերթ սպասարկվել մաքսակետերում. «Երկրորդը, իրենք չեն օգտվելու ժամանակավոր պահպանության պահեստներից, այսինքն սահմանային անցակետերից կարող են միանգամից իրենց ապրանքը տանել ու պահել իրենց պահեստում: Հետագա փուլերում եւս երկու պարզեցված ընթացակարգ պատրաստ ենք ներդնել, որով մաքսային մարմնի հետ կապը իսպառ կբացակայի, տնտեսվարողն ինքը կարող է պլոբներ կիրառել ներմուծելիս եւ արտահանելիս:  Երկրորդը, սահմանային կետից բացթողումը կարող է կատարվել հայտարարագիրը հետագայում ներկայացնելու եւ մաքսային վճարները հետագայում կատարելու պայմանով: Այս մասով թվային լուծումը պատրաստ է եւ ՊԵԿ-ը այն շւտով կներդնի»,-ընդգծեց Բադասյանը՝ հավելելով, որ այս պահին Հայաստանում ոչ մի լիազորված տնտեսական օպերատոր չկա:

Իր հերթին Նիկոլ Փաշինյանը նշեց. «Մաքսային ընթացակարգերի չարաշահումը եւ դրան հարակից առաջացող կոռուպցիոն ռիսկերը համարվել են տնտեսական բնականոն գործունեությանը խոչընդոտող գործոններ: Մենք փորձել ենք այնպես անել, որ կոռուպցիան արմատախիլ անենք մաքսային համակարգից, բայց դա ոչ ամեն օր է հաջողվել: Դրա վկայությունն է, որ ունենք վերջերս բացահայտված գործեր»:

ajax-loader