Ռազմարդյունաբերական համալիրի պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամի

Այս պահի դրությամբ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրն ունի 121 մլրդ դրամի պատվերներ։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Մասնավորապես, նա նշել է, որ ոլորտում գործող բոլոր 25 ընկերությունները Պաշտպանության նախարարությունից պատվերներ են ստացել, և այսօրվա դրությամբ առկա է 46 եռակողմ ստորագրված պայմանագիր: Նախարարը հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ ճյուղային ընկերությունների թիվը կհասնի 29-ի:

Միաժամանակ, Հայրապետյանը, վկայակոչելով նախարարության գնահատականները, նշել է, որ ռազմարդյունաբերական համալիրի պատվերների գումարը մինչև 2024 թվականի վերջը կհասնի 191 մլրդ դրամի։

«Մեր առաքելությունն է ստեղծել բարենպաստ միջավայր, որը թույլ կտա ինչպես գիտահետազոտական հատվածին, այնպես էլ բիզնեսին արդյունավետ աշխատել ռազմարդյունաբերության ոլորտում, հեշտությամբ հաղթահարել բյուրոկրատական և այլ արգելքները»,- ասել է նա` նշելով, որ դա կիրականացվի ինչպես օրենսդրական ակտերի միջոցով, այնպես էլ գործնական գործողություններով:

ajax-loader