Հայկական հրուշակեղենը կարտահանվի Եվրամիության երկրներ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ձեռնարկած երկարատև բանակցությունների արդյունքում Եվրոպական հանձնաժողովի առողջապահության և սննդամթերքի անվտանգության գլխավոր տնօրինությունը Հայաստանի Հանրապետությունն ընդգրկել է Եվրամիության կողմից լիազորված երրորդ երկրների ցանկում:

Ինչպես հաղորդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, դա նշանակում է, որ այսուհետ Եվրամիության երկրներ կարող է արտահանվել Հայաստանում արտադրված կաթի և/կամ ձվի պարունակությամբ պատրաստված կոմպոզիտային արտադրանք (սննդամթերք, որը պարունակում է ինչպես բուսական ծագման, այնպես էլ կենդանական ծագման վերամշակված արտադրանք):

Եվրոպական հանձնաժողովի որոշումը կայացվել է Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտի գործառույթների, ինչպես նաև իրականացվող վերահսկողության արդյունքների հիման վրա:

Հավելենք, որ ՀՀ Վիճակագրական կոմիտեի 2023թ. հունվար-մայիս ամիսների տվյալներով ՝ Հայաստանը ԵՄ բազմաթիվ երկրների հետ մի քանի անգամ ավելացրել է արտաքին առևտրի ծավալները (2-3,7 անգամ ՝ Գերմանիա, Ֆրանսիա, Ավստրիա, Հունաստան, Դանիա, Ֆինլանդիա, Լեհաստան, Սլովակիա)։ Այսպես, օրինակ, Գերմանիան Հայաստանի հետ առևտրաշրջանառության ծավալով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, ընդ որում ՝ մի քանի անգամ աճի հաշվին ամրապնդվելով ներմուծման գծով 4-րդ հորիզոնականում, այն դեպքում, երբ արտահանման դինամիկան վատթարացել է անկման մեջ մտնելուց հետո։ Այսպես, Հայաստանի և Գերմանիայի միջև առևտրաշրջանառության ծավալը 2023 թվականի հունվար-մայիսին հասել է 295 մլն դոլարի ՝ տարեկան աճի շոշափելի արագացմամբ ՝ 35,4%- ից մինչեւ 92,9%։

Մասնավորապես, դեպի Գերմանիա հայկական ապրանքների արտահանման ծավալը կազմել է 39.9 մլն դոլար ՝ տարեկան դինամիկայի վատթարացմամբ ՝ 44.8% աճից մինչև 14.2% անկում, իսկ Գերմանիայից ապրանքների ներմուծման ծավալը ՝ 255 մլն դոլար (4 – րդ հորիզոնական) ՝ տարեկան աճի կտրուկ արագացմամբ ՝ 31.7%-ից մինչև 2.4 անգամ։ Արդյունքում, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ Գերմանիայի մասնաբաժինը գրեթե չի փոխվել ՝ մեկ տարվա ընթացքում առաջ անցնելով ընդամենը 3,9%- ից մինչև 4%, ինչն ուղեկցվել է ներմուծման մասնաբաժնի աճով ՝ 4,2% – ից մինչև 5,5% և արտահանման մասնաբաժնի անկմամբ՝ 3,4% – ից մինչև 1,5%:

ajax-loader