Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-մարտին խիստ դանդաղել է ՝ հասնելով տարեկան 4,1% – ի (2024թ. նույն ժամանակահատվածի 14,3% – ից)։ Ընդ որում, մեկ տարի առաջ աճի դրայվեր հանդիսացող արդյունաբերության հատվածն այժմ երկնիշ անկման մեջ է հայտնվել։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները, դա ուղեկցվել է արտաքին առևտրի միտման վատթարացմամբ՝ մի քանի անգամ աճից մինչև զգալի անկում։
Վիճակագրության համաձայն՝ 2025թ. հունվար-մարտին տնտեսական ակտիվության աճի նման արտահայտված արգելակումն առավելապես բխել է արդյունաբերական հատվածի տարեկան դինամիկայի վատթարացումից՝ 30,4% աճից մինչև 18,5% անկում, և առևտրի ոլորտի աճի խիստ դանդաղումից՝ 26,5%-ից մինչև 6% ։
Ծառայությունների ոլորտին հաջողվել է արագացնել տարեկան աճը՝ 5 տոկոսից մինչեւ 11,5 տոկոս, ինչը դիտվել է նաեւ ագրոհատվածում՝ 3,7 տոկոսից մինչեւ 10,5 տոկոս, իսկ շինարարության հատվածում՝ 11,7 տոկոսից մինչեւ 13,6 տոկոս: Զգալիորեն բարելավվել է էներգահամալիրի տարեկան դինամիկան՝ 1,4 տոկոս անկումից հասնելով 3,8 տոկոս աճի։