Ինդոնեզիայում ժայթքած հրաբխի մոխրի սյան բարձրությունը հասել է 18 կմ-ի

Ինդոնեզիայի արևելքում գտնվող Լևոտոբի հրաբուխը ժայթքել է․ մոխրի սյան բարձրությունը հասել է 18 կիլոմետրի։ Այդ մասին հայտնում է Fox54 News-ը։ 

Հրաբխագիտության գործակալության հայտարարության մեջ նշվել է, որ Լևոտոբի Լակի-Լակի լեռը, որը Ֆլորես զբոսաշրջային կղզում գտնվող 1584 մետր բարձրությամբ հրաբուխ է, ժայթքել է տեղական ժամանակով ժամը 11:05-ին։

«Տեղի է ունեցել Լևոտոբի Լակի-Լակի հրաբխի ժայթքում…. որի դիտարկված մոխրի սյան բարձրությունը գագաթից հասել է մոտավորապես 18 000 մ բարձրության», – նշել է գործակալությունը։

Երկրաբանության գործակալության ղեկավար Մուհամմադ Ուաֆիդը հայտարարության մեջ նշել է, որ հրաբխի ակտիվության մակարդակը «շատ բարձր է, որն ուղեկցվում է պայթյունավտանգ ժայթքումներով և անդադար ցնցումներով»։

Նա նաև կոչ է արել բնակիչներին հրաբխից հեռու մնալ առնվազն վեց կիլոմետր և կրել դիմակներ՝ հրաբխային մոխրից պաշտպանվելու համար։

Վնասների կամ զոհերի մասին դեռևս տեղեկություններ չեն ստացվել։

Հունիսին հրաբխի ժայթքումից հետո չեղարկվել էին դեպի Բալի և Բալիից տասնյակ չվերթեր։ Հրաբխային մոխիրը թափվել էր հրաբխի շրջակայքում գտնվող մի քանի համայնքների վրա՝ ստիպելով տարհանել առնվազն մեկ գյուղի բնակիչներին։

Հազարավոր կղզիներից բաղկացած Ինդոնեզիային հատուկ է սեյսմիկ և հրաբխային ակտիվությունը՝ Խաղաղօվկիանոսյան «Հրե օղակի» վրա գտնվելու պատճառով։

ajax-loader