Թրամփը պետք է կամավոր ներկայանա Ջորջիա նահանգի բանտ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և Ջորջիայի ընտրություններին միջամտության գործով մյուս 18 մեղադրյալները մինչև օգոստոսի 25-ը կամավոր պետք է ներկայանան Ջորջիայի Ֆուլթոն շրջանի բանտ, որտեղ նրանց պաշտոնապես կձերբակալեն։ Այնուհետև նրանք կկանգնեն դատարանի առաջ: Այդ մասին ասվում է շրջանի շերիֆի գրասենյակի հայտարարության մեջ։

«Այս պահին, գլխավոր դատախազությունից և նախագահող դատավորից ստացված ցուցումներից ելնելով, ակնկալվում է, որ բոլոր 19 մեղադրյալները կընդունվեն Ռայս փողոցի բանտում: Հաշվի առեք, որ մեղադրյալները կարող են հանձնվել ցանկացած պահի: Բանտը բաց է 24 ժամ, շաբաթը 7 օր», – շերիֆի հայտարարությունից հատված է մեջբերում CNN-ը:

CNN-ը նշում է, որ շերիֆի գրասենյակը հատուկ ծառայությունների և Թրամփի փաստաբանների հետ կպայմանավորվի Թրամփի հանձնվելու ընթացակարգի շուրջ: Այն մեղադրյալները, որոնք մեղադրվելիս չեն ձերբակալվում, ինչպես տեղի է ունեցել Թրամփի և մյուս 18 մեղադրյալների դեպքում, կարող են պայմանավորվել ազատ արձակման պայմանների, այդ թվում՝ գրավի դիմաց ազատ արձակվելու շուրջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Ջորջիա նահանգում Դոնալդ Թրամփին և նրա փաստաբաններին, օգնականներին, նախընտրական շտաբի աշխատակիցներին մեղադրել են 2020 թվականին ընտրություններին միջամտելու փորձի մեջ:

Նրանք մեղադրվում են կազմակերպված խմբի ստեղծման մեջ, որը փորձել է վերանայել ընտրությունների արդյունքները: Թրամփին առաջադրված մեղադրանքները ենթադրում են առնվազն 20 տարվա ազատազրկում։ Այս տարի Սպիտակ տան նախկին ղեկավարին քրեական մեղադրանք է առաջադրվում արդեն չորրորդ անգամ: Թրամփը հերքում է իր հանդեպ բոլոր մեղադրանքները՝ նշելով, որ դրանք քաղաքական ենթատեքստ ունեն:

ajax-loader