Առողջապահության նախարարությունը՝ Շիրակի վթարից տուժածների ապաքինման ընթացքի մասին

Առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Շիրակի մարզում օգոստոսի 14-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածների ապաքինման ընթացքի մասին:

«Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով 6 տուժած շարունակում է բուժումը հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում:

Երկուսը գտնվում են Գյումրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Մեկի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, մյուսինը` ծանր:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող երկու տուժածներից մեկին տեղափոխել են բաժանմունք, մյուսը շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքում: Մեկի առողջական վիճակը կայուն է, մյուսինը` ծանր:

«Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում գտնվող տուժածի առողջական վիճակը կայուն է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

«Աստղիկ» բժշկական կենտրոնում գտնվող տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- նշված է Առողջապահության նախարրության տարածած հաղորդագրության մեջ:

Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, օգոստոսի 14-ին ժամը 00:30-ի սահմաններում տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետևանքով մահացել է 11 քաղաքացի: Կա հինգ՝ ծանր, մեկ՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տուժած:

ajax-loader