Բնական, այդ թվում հանքահումքային ռեսուրսները, գլոբալ առումով, կայուն զարգացման հիմքն են հանդիսանում: Այն ամենն, ինչ մենք տեսնում ենք մեր շուրջը՝ սկսած ամենապարզ առարկաներից մինչև բարձր տեխնոլոգիական հաղորդակցման համակարգեր, ստեղծվել են, հիմնականում, ընդերքի օգտագործման արդյունքում, մասնավորապես, ընդերքից արդյունահանված օգտակար հանածոներից, որոնք դարձել են տեխնոլոգիական երկար արժեշղթաների առաջին օղակը:
Այդ իմաստով բնութագրող են ժամանակակից լեռնային գիտությունների հիմնադիրներից մեկի՝ ակադեմիկոս Վ.Վ. Ռժեվսկու խոսքերը. «…Ազգային եկամտի միայն 25%-ն է սկիզբ առնում ծովերի, գետերի, վարելադաշտերի, անտառների արտադրանքից և այն ամենից, ինչ գտնվում է մակերևույթի վրա, իսկ 75%-ը ծնվում է նրանից, ինչը լեռնագործները արդյունահանում են ընդերքից»:
Բայց․․․
Ակնհայտ է, որ լեռնային աշխատանքների իրականացումը անխուսափելիորեն ուղեկցվում է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությամբ, ինչը հանգեցնում է գյուղատնտեսական նշանակության հողային մակերեսների օտարմանը, բաց լեռնային աշխատանքների դեպքում, այսպես կոչված՝ «տեխնածին» լանդշաֆտների առաջացմանը, սահմանակից տարածքներում ջրաերկրաբանական ռեժիմի խախտմանը, ջրային և օդային ավազանների աղտոտմանը և այլն։
Միևնույն ժամանակ հասարակությունը չի կարող զարգանալ առանց բնական ռեսուրսների և բնական միջավայրի օգտագործման։ Հետևաբար, իր զարգացման յուրաքանչյուր փուլում հասարակությունը պետության միջոցով ստիպված է լուծել երկակի հիմնախնդիր. ռեսուրսների ռացիոնալ և համալիր օգտագործում, հատկապես չվերականգնվող հանքահումքայինը, միաժամանակ վերականգնելով բնական միջավայրի էկոլոգիական խախտված կապերը և նվազագույնի հասցնելով շրջակա միջավայրի վրա բացասական տեխնածին ազդեցությունը։
Ցավոք, Հայաստանի հասարակությունը չի առաջնորդվում այս կարևորագույն հիմնախնդրի լուծման անհրաժեշտությամբ:
Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հ. Բագրատյանի մոտեցմամբ «…ռեսուրսների գումարային մեծությունը, առանց հոգևոր, կրոնական և պատմամշակութային արժեքների, կազմում է երկրի ազգային հարստությունը (ԱՀ)։
Հայաստանի Հանրապետության ԱՀ այսօրվա գներով գնահատվում է 91.8 մլրդ ԱՄՆ $, որից 51 մլրդը՝ մարդկային ռեսուրներն են, 0.7 մլրդը՝ տեխնոլոգիաները, 1.8 մլրդը՝ ջուրը, 15 մլրդը (16.3%)՝ հանքահումքային ռեսուրսները, 1.5 մլրդը՝ անտառները, 0.8 մլրդը՝ հողը, 12 մլրդը՝ բնակարանային ֆոնդը, արտադրական ու օֆիսային տարածքները, 6 մլրդը՝ ենթակառուցվածքները և 3 մլրդը՝ պահուստներն են։»:
ՀՀ պետական կադաստրում ներկայում հաշվառված են օգտակար հանածոների 900 հանքավայրեր, այդ թվում.
– 43 մետաղական՝ արդյունաբերական նշանակություն ունեցող ոսկու, արծաթի, պղնձի, մոլիբդենի, կապարի, ցինկի և երկաթի,
– 789 ոչ մետաղական՝ առավել տարածված տուֆերի, պեռլիտների, պեմզաների, ցեոլիտների, հրաբխային խարամների, բազալտների, գրանիտների, քարաղի և այլն,
– 44 ստորգետնյա քաղցրահամ ու 24 հանքային ջրերի։
Հետխորհրդային ժամանակաշրջանում Հայաստանի տնտեսությունը կրել է խոշոր կառուցվածքային փոփոխություններ՝ արդյունաբերականից հետզհետե վերածվելով գյուղատնտեսության և առևտրի վրա հիմնվող տնտեսության: Ներկայում հանքարդյունաբերությունը Հայաստանի էկոնոմիկայի այն փոքրաթիվ ճյուղերից մեկն է, որտեղ գրանցվել են դրական տնտեսական զարգացումներ:
Ներկայացնենք Հայաստանի հանքարդյունաբերության գործունեության մի շարք տնտեսական ցուցանիշների վերաբերյալ վիճակագրական տվյալներ․
– 2021 թ.-ին հանքարդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է մոտ 1.3 մլրդ ԱՄՆ $,
– 2020 թ.-ին հանքարդյունաբերության մասնաբաժինը Հայաստանի համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ) կազմել է մոտ 800 մլն ԱՄՆ $ (6.1%),
– 2020 թ.-ին հանքարդյունաբերության ոլորտում զբաղվածների թիվը կազմել է 11.9 հազար մարդ, իսկ արդյունաբերության մեջ հանքարդյունաբերության ոլորտի աշխատողների տեսակարար կշիռը՝ միջինը մոտ 7%,
– 2020 թ.-ին հանքարդյունաբերության ոլորտում միջին ամսական աշխատավարձը կազմել է մոտ 1000 ԱՄՆ $, ինչը եղել է միջինում մոտ 2.4 անգամ ավելի բարձր ՀՀ ամսական միջին աշխատավարձից,
– 2020 թվականին հանքային հումքի արտահանման ծավալը կազմել է 814.7 մլն ԱՄՆ $, իսկ 2016-2021 թվականներին հանքային հումքի արտահանման ծավալը՝ Հայաստանի Հանրապետության բոլոր արտահանումների 29%-ը,
– համաձայն Համաշխարհային բանկի գնահատման, Հայաստանի հանքարդյունաբերությունը բնութագրվում է ՀՆԱ-ի 1.8 և զբաղվածության 5.3 տնտեսական բազմապատկիչներով, որոնց հաշվառման պարագայում հանքարդյունաբերության ընդհանուր ներդրումը ՀՀ ՀՆԱ-ի մեջ 2021 թ.-ի համար կկազմի 11%, որից մոտավորապես 6%-ը բուն ոլորտի ուղղակի, իսկ մոտավորապես 5%-ը՝ անուղղակի ներդրումներն են:
Բերված տվյալները վկայում են ՀՆԱ-ի կառուցվածքի, ներդրումային գործընթացների, բնակչության զբաղվածության, ներկայում և հեռանկարում երկրի ներքին և արտաքին պահանջմունքների բավարարման, պետության տնտեսական և քաղաքական անվտանգության ապահովման մեջ հանքարդյունաբերության ունեցած առանցքային դերի մասին:
Սակայն ներկայում, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, հասարակության կողմից հանքարդյունաբերության ոլորտը ընկալվում է որպես ոչ ժամանակակից:

Խորհրդատվության և աուդիտորական ծառայություններ առաջարկող միջազգային ընկերությունների ցանց՝ PricewaterhouseCoopers (PwC) ընկերության վերլուծաբանները նշում են, որ, «…չնայած հանքարդյունաբերական ձեռնարկությունների գործառույթների բարձր արդյունքների, դրանց նկատմամբ ներդրողների ու սպառողների վստահությունը անկում է ապրում։ Կասկած է հարուցում իրենց հակվածությունը կայուն զարգացման գաղափարի նկատմամբ, օրինակ, կլիմայի փոփոխության և էկոհամակարգի վրա բացասական ազդեցության նվազեցման դեմ պայքարում լուրջ ներդրման անընդունակությունը և PwC-ում համարում են, որ ճյուղի նկատմամբ վստահության բացակայությունը նրա առաջընթացին խոչընդոտող հիմնական ռիսկերից մեկն է»:
150 լեռնամետալուրգիական կորպորացիաների ղեկավարների շրջանում աշխարհի 4 ամենահայտնի աուդիտորական ֆիրմաներից մեկը՝ բրիտանական «Ernst & Young» (EY) իրականացրել է հարցում այն մասին, թե որն է գլխավոր ռիսկը: Պատասխանողների գրեթե կեսը հայտնել են ընդերքի շահագործման լիցենզիան կորցնելու վտանգի մասին և այն բացատրվում է նրանով, որ պետությունը ընդերքի շահագործման լիցենզիա տրամադրման դիմաց այսօր սպասում է ավելի շատ բան, քան բյուջե ֆինանսական հատկացումները և նոր աշխատատեղերի ստեղծումը։ Արդիական առաջնահերթությունների թվին են պատկանում սոցիալական պատասխանատվությունը, առաջավոր տեխնոլոգիաների ներդրումը, բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանությունը և այլն։ Ցանկացած այդ ուղղություններով հստակ քաղաքականության բացակայությունը կարող է աշխատանքի թույլտվության չեղարկման պատճառ ծառայել:
Սանկտ-Պետերբուրգի լեռնային համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Վ.Ս. Լիտվինենկոն նշում է «…Խնդիրն այն է, որ երբ մենք քննարկում ենք էկոլոգիայի կամ կլիմայի փոփոխության թեման, հաճախ մոռանում ենք ռեսուրսների դերի մասին և սկսում ենք քննարկել այն բացառապես կենսոլորտի վրա ընդերքօգտագործողների կամ էներգետիկ օբյեկտների բացասական ազդեցության տեսանկյունից: Այո, սա շատ կարևոր խնդիր է, և մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք, որպեսզի հանքային և վառելիքաէներգետիկ համալիրները ներդնեն առկա լավագույն տեխնոլոգիաները՝ շրջակա միջավայրի վնասը նվազեցնելու համար։ Սա, անկասկած, պետք է լինի առաջնահերթ, բայց ոչ երբեք միակ նպատակը, քանի որ չպետք է մոռանալ տնտեսական բաղադրիչի և սոցիալական զարգացման մասին։ Մենք բոլորս ցանկանում ենք պահպանել գոյություն ունեցող էկոհամակարգերը, կենսաբազմազանությունը, բայց եկեք անկեղծ լինենք՝ մենք պարզապես ցանկանում ենք, որ մեր պատուհանների լույսը միշտ վառ լինի, և միևնույն ժամանակ մենք ստիպված չլինենք վճարել վերջին գումարը էլեկտրաէներգիայի համար»:
Ժամանակակից աշխարհում ընդերքօգտագործողները ավելի ու ավելի դժվար են գտնում որակյալ լեռնային ինժեներներ, այսինքն՝ կադրային ռեզերվի որակը կտրուկ ընկել է, ինչը հանգեցրել է աշխատաշուկայում կոմպետենտ ինժեներների պակասի: Մասնավորապես, եվրոգոտու լոկոմոտիվի կարգավիճակ ունեցող Գերմանիայում սեփական ինժեներների պակասը կազմում է մոտ 50%, և գերմանացիները պատրաստ են ընդունել ու վճարել այլ երկրների մասնագետներին, ովքեր ի վիճակի են իրականացնել ընդերքից օգտակար հանածոների կորզում: Ստեղծված իրողության հիմնական պատճառը տխրահռչակ, այսպես կոչված, «ռեսուրսային անեծքն» է, որը հանգեցրել է երիտասարդության մոտ ամենանորաձև միտումներից մեկի առաջացման՝ Կանաչ տնտեսության հետ որևէ կապ չունեցող գործունեության մերժման:
Հետաքրքիր է Եվրոմիության հանքարդյունաբերության և մետալուրգիայի դեպարտամենի ղեկավար Պոլ Միտչելի խոսքը. «…Ժամանակակից պայմաններում սոցիալական ճնշման աճը կարող է հանգեցնել լիցենզիայի լրիվ կորստի, հետևաբար անհրաժեշտ է իր ապրանքանիշի (բրենդի) առաջխաղացման հստակ ռազմավարություն։ Սեկտորի ընկալումը որպես հին և կեղտոտ՝ պարտավոր է դառնալ անցյալի առարկա։ Հարքարդյունաբերության ճյուղը պետք է ընկալվի ոչ թե պրոբլեմ, այլ այդ պրոբլեմի լուծման գործիքներից մեկը»։
Վերջին ժամանակաշրջանում հանքարդյունաբերության ոլորտի աշխատանքային ռեսուրսներում տեղի է ունեցել պահանջմունքի փոփոխություն, որը թելադրում է ոլորտում ընդգրկել այնպիսի մասնագետներ, որոնք տիրապետում են թվային տրանսֆորմացիայի բնագավառի գիտելիքներին և հմտություններին։ Մասնագետների պահանջը, որոնք, օրինակ, ընդունակ են արդյունավետ զբաղվել տվյալների կամ կանխատեսումային մոդելավորման մտավոր մշակմամբ, ակնհայտորեն գերազանցում է առաջարկը։ Ընդ որում, կադրերի համար պայքարում լեռնամետալուրգիական ընկերությունները չեն կարողանում լիարժեքորեն մրցակցել բիզնեսի այլ ոլորտների հետ։
Հանքարդյունաբերության և մետալուրգիայի դեպարտամենտի կանադական ստորաբաժանման ղեկավար Թեո Յամեոգոյի կարծիքով՝ «…ռիսկերից խուսափումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե ընկերությունները կհամապատասխանեն այսօրվա պահանջներին, մասնավորապես, մեքենայական ուսուցման մոդելի և արհեստական բանականության ներդրմանը, որոնք թույլ կտան նրանց գեներացնել անհավանական գաղափարներ: Եթե խոսենք արհեստական բանականության մասին, ապա այն, անշուշտ, ստեղծում կամ մեծացնում է ձեր մրցունակային առավելությունը՝ նախկինում անհամեմատելի տվյալները վերածելով արժեքավոր բիզնես-լծակների: Ներկայում այն լայն տարածված տեխնոլոգիա է, որը պետք է սկսել ներդնել հանքարդյունաբերական և մետալուրգիական ոլորտ»:
EY-ի վերլուծաբաների կարծիքով՝ լեռնամետալուրգիայի հետագա զարգացումը կապված է հետևյալ անհրաժեշտ պայմանների իրագործման հետ:
1) ընդերքօգտագործող ընկերությունների իմիջի բարձրացում՝ հասարակությանը ապացուցելով, որ սպառման ապրանքների ստեղծման համար հանքարդյունաբերական ձեռնարկությունները ապագայում կմնան այդքան անհրաժեշտ։ Այնպիսին, ինչպես սմարտֆոնները, համակարգիչները, ավտոմեքենաները և այլն, որոնց արտադրությունը անհնար կլիներ առանց պղնձի, լիթիումի, նիկելի և շատ ուրիշ օգտակար հանածոների արդյունահանման,
2) արագորեն փոփոխվող աշխարհի մարտահրավերներին առավել օպերատիվ ռեակցիա` առավել ակտիվ փոխակերպման ֆինանսավորում, կապված, օրինակ, անցումը ցածր ածխածնային էներգետիկային, ինչը հիանալի խթան կարող է հանդիսանալ ոլորտի նկատմամբ հասարակության վերաբերմունքի փոփոխության համար։
Վերոնշյալ մարտահրավերների դիմագրավման համար անհրաժեշտ է միավորել արտադրական և մտավոր ներուժը, ինչը պահանջում է հիմնարար և կիրառական հետազոտությունների առաջանցիկ իրականացում ու հանրապետության էկոնոմիկայի դիտարկվող ոլորտում գիտատեխնիկական առաջընթացի և ինովացիոն ճեղքման ընդունակ նոր սերնդի կադրերի պատրաստում, ինչն էլ Հայսատանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների» ինստիտուտի առաքելությունն է։
ՀԱՊՀ Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն, տեխնիկկան գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հովհաննիսյան