Ադրբեջանական դիրքերից կրակել են Սարուշենի ուղղությամբ. քաղաքացիական մեքենա է վնասվել

Ադրբեջանական դիրքերից կրակել են Սարուշեն համայնքի ցորենի դաշտում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Կրակոցի հետևանքով քաղաքացիական ավտոմեքենա է վնասվել: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը:

«Օգոստոսի 9-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ ժամը 10:50-ի սահմաններում Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներով կրակել են Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի ցորենի դաշտում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։

Արձակված կրակոցներից վնասվել են գյուղատնտեսական աշխատանքներում ներգրավված՝ Ա.Ղ.-ի վարած «Ֆորդ-Տրանզիտ» ավտոմեքենայի դիմացի երկու դռների ապակիները»,-ասվում է հաղորդագրության տեքստում:

Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։ Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։

ajax-loader