ՄԻԵԴ-ը Ադրբեջանին մինչև օգոստոսի 8-ը ժամանակ է տրամադրել այդ երկրի կողմից առևանգված Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի մասին տեղեկատվություն տրամադրելու համար։ Այդ մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը։
«Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով:
Ադրբեջանը հուլիսի 29-ին առևանգել է ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող քաղաքացիներից մեկին՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Լաչինի միջանցքում տեղակայված ապօրինի անցակետում ադրբեջանցի սահմանապահները ստուգել են Արցախից Հայաստան տեղափոխվող քաղաքացիների անձնագրերը, հետո վերադարձրել են անձնագրերը, սակայն Վագիֆ Խաչատրյանի անձնագիրը չեն վերադարձրել։ Նրան ԿԽՄԿ-ի ներկայացուցչի ուղեկցությամբ տարել են հարցաքննելու, իսկ որոշ ժամանակ անց ԿԽՄԿ-ի ներկայացուցչին վերադարձրել են, իսկ Վագիֆ Խաչատրյանին՝ տեղափոխել Բաքու։ Բաքվում նրան շինծու մեղադրանքներ են առաջադրել՝ իբր Արցախյան առաջին պատերազմի ժամանակ «ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանական գործողությունների մասնակցելու համար»։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ