Մինչև 16 մլն դրամ կտրամադրվի սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար․ ծրագրի ժամկետը երկարաձգվեց

Փետրվարի 15-ի Կառավարության նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր Կառավարության որոշումներում փոփոխություններ կատարելուն։ Նախագծի մասին զեկուցեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նա նշեց՝ նախագծով առաջարկվում է երկարաձգել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագրի ժամկետը՝ մինչև 2025-ի դեկտեմբերի 31-ը։

«Այս պահի դրությամբ գործընկեր բանկերի կողմից ստացվել և Միասնական սոցիալական ծառայության կողմից հաստատվել է 412 շահառուի հայտ։ Դրանք բաշխված են ըստ մարզերի հետևյալ կերպ՝ Տավուշում՝ 239, Սյունիքում՝ 54, Արարատում՝ 50, Վայոց Ձորում՝ 47, Գեղարքունիքում՝ 22։ Ասեմ, որ այս 412 բավարարված հայտերը գտնվում են շինարարության ամենատարբեր փուլերում, որոշները արդեն անցել են շինարարության վարկավորման երկրորդ մակարդակ, նաև պոտենցիալ շահառուների թիվը այս պահի դրությամբ շատ ավելի մեծ է, քան 412-ը, որովհետև ունենք շատ դեպքեր, երբ քաղաքացիները շինթույլտվությունները ստացել են, բայց դեռ չեն դիմել բանկ, և առաջիկա օրերին այդ գործարքներն էլ տեղի կունենան։

Ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ ասեմ, որ շահառուները պետք է լինեն գրանցված ամուսնություն ունեցողներ, և նրանցից մեկը անպայման պետք է լինի ՀՀ քաղաքացի։ Ծրագրից կարող են օգտվել, եթե ունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող հող կամ կիսակառույց շինություն, որը չունի ավարտական ակտ։ Ըստ ծրագրի՝ պետությունը 10 տարվա ընթացքում ամբողջությամբ կմարի մինչև 16 մլն դրամի կառուցապատման հիփոթեքային վարկի մայր գումարն ու տոկոսագումարը՝ 13% տոկոսադրույքով։ Մինչ այս պահը տրամադրվել է շուրջ 1․5 մլրդ դրամի վարկ»,- ասաց Նարեկ Մկրտչյանը։

Նա նշեց, որ ծրագրի ընթացքում խնդիրներ են ի հայտ եկել, և այս նախագծով կարգավորվում են դրանք։ Օրինակ՝ երբ ամուսնության պետական գրանցումը կատարվել է այլ պետությունում։ Այս պարագայում շահառուն կարող է ներկայացնել ամուսնության վկայականի հյուպատոսական վավերացմամբ թարգմանությունը, ինչպես նաև առաջարկվում է բանկերին 13% տոկոսադրույքի սահմանափակումը փոխել և կիրառել լողացող տոկոսադրույքի կանոնները, որը, ըստ նախարարի, հնարավորություն կտա այլ բանկերի ևս միանալ ծրագրին և արդեն բանկերի սեփական ռեսուրսով իրականացնել վարկավորումը։

«Մտքով հաշվեցի, սա նշանակում է, որ ընդունման պահից միջին վիճակագրականով մենք օրը մի տան վարկի հարց ենք լուծել, և սա վատ ցուցանիշ չէ։ Հիմա տեսնում ենք, որ երբ որ մեկ-երկու տեղ իրոք շինարարություն սկսվեց, համատարած հիմա սահմանամերձ գյուղերում այդ շինարարությունները իրականացվում են։ Մեր այսօրվա որոշման իմաստը այն է, որ մենք մինչ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը շարունակելու ենք ծրագիրը և համոզված եմ՝ այս թիվը ցույց է տալիս, որ հազարավորները կանցնեն»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև այն մասին, որ որոշ քաղաքացիների բանկը մերժում է վարկ տրամադրել, քանի որ նրանք խնդիրներ ունեն վարկային պատմության հետ։

«Բոլոր այն դեպքերում, երբ իրավիճակը շտկելի է, մենք կփորձենք աջակցել, որ շտկվի։ Բայց ընդհանրապես մեր իրականության մեջ շատ կարևոր արձանագրում պետք է լինի, որ վարկային պատմությունը, ընդհանրապես պատմությունները ապագայի համար շատ կարևոր են, և սա որպես կուլտուրա պետք է ձևավորվի։ Այս կուլտուրան պետք է ներդնենք, որ այո՛, եթե մարդը որոշակի պատմություններ ունի թիկունքում կուտակած, դա չի կարող ազդեցություն չունենալ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Ինչ վերաբերում է վարկային պատմություններին, այն դեպքում, երբ քաղաքացիները ընդհանրապես բանկերի հետ առնչություն չեն ունեցել, այսինքն բանկային պատմություն չունեն, չի դիտարկվելու որպես վատ բանկային պատմություն և ֆինանսավորումը տրամադրելու են 16 մլն դրամի շրջանակում»,- ասաց Նարեկ Մկրտչյանը։

Ծրագրի սկզբնական տարբերակի կետերից մեկը վերաբերում էր նրան, որ վարկ ստանալու համար քաղաքացիները պետք է ունենային երկրորդ գրավադրվող գույք, բայց այս կետը հանվել է։ Փաշինյանի խոսքով՝ երկորրդ գրավի հանգամանքը պատճառներից մեկն էր, որ սկզբնական շրջանում ծրագրին դիմողներ չկային։

«Մենք դեպքեր ունենք, որ այլ բնակավայրերից գնում և սահմանամերձ բնակավայրերում բնակվում են և կարծում եմ, որ սա լավ պրոցես է։ Նույնիսկ նրանք, որ տներ են կառուցում և հետագայում հյուրատան վերածում, այդտեղ էլ խնդիր չենք տեսնում։ Դա գյուղի համար էլ է լավ, տնտեսական աշխուժություն կմտցնի և այլն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նույնպես կարևորեց վարկային պատմությունը, քանի որ ծրագրի շրջանակներում շահառուները շինարարությոնը պետք է ավարտեն 3 տարվա ընթացքում, և եթե ավարտված չի լինում, Կառավարությունը դադարեցնում է ֆինանսավորումը, և սա ռիսկ է բանկի համար։

«Բանկը պետք է գործ ունենա այնպիսի կարգապահ քաղաքացիների հետ, որոնք գիտեն, թե ինչի համար է տրամադրված իրենց աջակցությունը և գիտեն այն նպատակը, ինչի համար այդ աջակցությունը ստացել են։ Լողացող տոկսադրույքով թույլ ենք տալու, որ բանկերը ֆինանսավորեն, ես վստահ եմ, որ այս փոփոխությունից հետո այս 412-ը, որ նշվեց, ավելի կմեծանա, որովհետև բանկերի կողմից այդ սահմանափակումը կարգավորում ենք»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։

ajax-loader