Հայաստանում հրուշակեղենի գործարան է կառուցվում․ կստեղծվի մինչև 1500 աշխատատեղ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է «Wellar group LLC» ընկերության նոր կառուցվող հրուշակեղենի գործարան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ գործարանի արտադրության տնօրեն Սերգո Իրիցյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է գործարանում, որը հագեցած է եվրոպական առաջատար ընկերություններից ներմուծված նոր սերնդի սարքավորումներով ու հոսքագծերով: Առաջիկայում նախատեսվում է գործարանի առաջին հերթի գործարկումը։

Կստեղծվի մինչև 1500 նոր աշխատատեղ. ընթացիկ աշխատանքներում արդեն իսկ ներգրավված են բարձր որակավորում ունեցող մի շարք մասնագետներ։ Գործարանն ունենալու է նաեւ սեփական հետազոտական լաբորատորիաներ։

Նախարարը ողջունել է նման լայնամասշտաբ գործունեության սկիզբը և ներկայացրել պետական աջակցության այն ծրագրերը, որոնք կարող են օգտակար լինել ընկերության հետագա ընդլայնման համար։

ajax-loader