Հայաստանի Հանրապետությունում խաղային գործունեության կարգավորման օպերատորը կընտրվի մրցույթով`15 տարի ժամկետով, որից հետո ներդրված ենթակառուցվածքը պետք է փոխանցվի պետությանը։
Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց օգոստոսի 14-ի՝ կառավարության նիստի ընթացքում։
Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի անցկացման ընթացակարգը, օպերատորի ընտրության ընթացակարգին կոնսորցիումով մասնակցության կարգը, օպերատորի հետ պայմանագրի կնքման կարգը և մրցույթը չկայացած համարվելու հիմքերը սահմանելու մասին որոշման նախագծի հիմնական զեկուցող, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն իր խոսքում նշեց, որ սույն որոշումը միտված է ոլորտի վերահսկողության արդյունավետությունն էականորեն բարձրացնելուն։
«Այն սահմանում է մրցույթի անցկացման մանրամասներ, մասնավորապես դրա կարգը, մասնակցության չափանիշները, մրցույթի փուլերը, հայտատուներին ներկայացվող պահանջները, հաղթող հայտատուի որոշման կարգը և մի շարք այլ հարցեր»,-նշեց Հակոբյանը։
Նրա խոսքով՝ օպերատորն ընտրվելու է միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կողմից՝ բաց մրցույթով, իսկ միջգերատեսչական հանձնաժողովի կազմն արդեն իսկ ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատված է։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի բնորոշմամբ՝ մրցույթի արդյունքում ընտրված օպերատորն իրականացնելու է մոնիթորինգ և ստեղծելու է համապատասխան մոնիթորինգային կենտրոն՝ դրան միացնելով խաղային ոլորտի կազմակերպություններին, ինչպես նաև իրականացնելու է խաղային արտադրանքների սերտիֆիկատների իսկության հավաստում։
«Այս մոնիթորինգային կենտրոններին միանալու են ինչպես խաղային սարքավորումներն, այնպես էլ այն հարթակները, որոնց միջոցով խաղեր են կազմակերպվում։ Արդյունքում՝ այս բարեփոխումը թույլ է տալու վերահսկել այդ խաղերի կազմակերպիչների ֆինանսական հոսքերը, խաղացողների կողմից գրանցված շահումները, որոնք, ըստ կատարված համապատասխան օրենսդրական փոփոխությունների, մյուս տարվանից համարվելու են եկամուտներ և հարկվելու են եկամտային հարկով, հետևաբար սրա միջոցով մենք նաև բարձրացնում ենք հարկվող օբյեկտների հայտարարագրման արժանահավատությունը և ակնկալում ենք հարկային եկամուտների ավելացում։ Այս բարեփոխմամբ՝ համակարգը թույլ կտա վերահսկել նաև խաղային սարքավորումների և ծրագրային ապահովման միջոցների տեխնիկական վիճակը՝ բացառելով հնարավոր խարդախությունները, ապահովելով խաղացողների իրավունքների շահերը և իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև հասարակության հատկապես խոցելի խմբերին զերծ պահելով խաղամոլությունից»,-նշեց ՊԵԿ նախագահը։
Նա նաև նշեց, որ մրցույթին մասնակցելու համար սահմանվում են ժամկետներ՝ 40 օր և 60 օր։
«Սահմանել են, որ առաջին անգամ մրցույթի գնահատման եղանակը իրականացվելու է երկու չափանիշով՝ որակ և արժեք։ Ընտրել ենք այն տրամաբանությամբ, որպեսզի կարողանանք հաշվի առնել հայտատուների առաջարկած տեխնիկական և ֆինանսական առաջարկները»,-ասաց Հակոբյանը՝ ընդգծելով, որ պայմանագիրը կնքվելու է 15 տարով, որից հետո ներդրված ենթակառուցվածքը պետք է փոխանցվի պետությանը, որի կարգը պետք է սահմանվի պայմանագրով։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հույս հայտնեց, որ մինչև տարեվերջ ոլորտի հետ կապված բոլորը հարցերն իրենց պատասխանները կստանան։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ