ԱԱՀ-ի հետվերադարձի գործընթացում լինում են խարդախություններ, կան կալանավորվածներ. վարչապետ

Ավելացված արժեքի հարկի հետվերադարձի գործընթացում տեղի են ունենում խարդախություններ, այս առիթով կան քրեական գործեր, նույնիսկ կալանավորված անձինք, մեծ չափերի գումար արդեն վերականգնվել է պետական բյուջե:

ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը շատ ողջունելի համարեց ավելացված արժեքի հարկի վերադարձի գործընթացը՝ դա համարելով մեծ առաջընթաց տնտեսավարողների հետ փոխհարաբերություններում: Ըստ պատգմավորի՝ դա էապես խթանում է տնտեսավարողների մոտ շրջանառու միջոցների ավելացումը: «Սակայն ունեմ մտահոգություններ օրինականության հետ կապված: Ձևավորվել է խարդախների մի խումբ, որը զբաղված է ավելացված արժեքի հարկի վերադարձի խարդախությամբ: Գործընթացներն իրականացվում են՝ խախտելով ընթացակագրեր: Դրանով էական վնաս է հասցվում ՀՀ պետբյուջեին»,-ասաց պատգամավորը:

Վարչապետը համաձայնեց Արսենյանի հետ՝ այդ խնդիրը կա:

«Ձեր նշած դեպքերի նման դեպքերով ունենք քրեական գործեր, ունենք նույնիսկ կալանավորված անձինք, ունենք նաև արդեն մեծ չափերի վերականգնում պետական բյուջե, ունենք նաև այդ շղթաների բացահայտում և դրանց աշխատանքի խափանում, նաև օրենսդրական որոշակի փոփոխություններ անելու նախաձեռնություն, որ այդ շղթաները չկարողանան օրինականության պատրանքի ներքո գործել»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ հաճախ կառավարության աջակցող ծրագրերից օգտվելու համար խարդախությունների են դիմում, կեղծ թղթեր են ձեռք բերում՝ օրինակ հետվճար ստանալու համար: «Ստանալը ստանում են, բայց երկար չեն գնա դրանով, դրա վերջը քրեակատարողական հիմնարկն է»,-նշեց վարչապետը:

Փաշինյանը հայտնեց՝ նկատում են նաև պետական մարմինների կողմից աշխատանքի թերացումներ՝ որոշ դեպքերում դիտավորյալ, որոշ դեպքերում՝ անփութությամբ, հետևությունները պետք է անպայման արվեն:

ajax-loader