12 տարի հայկական շուկայում․ ինչպես է գործածվում KOMATSU-ի հզոր տեխնիկան մեր հանքերում

Ճապոնական KOMATSU  («Կամացու») հանքարդյունաբերական տեխնիկա ներմուծող և սպասարկող, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամ հանդիսացող «ԻԿՕ ՄԱՇԻՆԵՐԻ» ընկերությունը մոտ 30 տոկոսով ավելացրել է վաճառքի ծավալները։ Ըստ ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Մարտիրոսյանի՝ դա երկրում շինարարության աշխուժացման արդյունք է, և տնտեսական աճի տեմպը շարունակվելու դեպքում էական առաջընթաց կգրանցեն նաև այս տարի։ «Կամացու» բրենդի՝ Հայաստանում գործունեություն ծավալելու մասին armhanq.com-ը զրուցեց հանրապետության հանքարդյունաբերական ոլորտում մեծ փորձ վաստակած, 2017-ից ընկերությունը գլխավորող Հայկ Մարտիրոսյանի հետ։

– Ե՞րբ է ստեղծվել ընկերությունը, ինչպե՞ս են կատարվել առաջին ներդրումները Հայաստանում։

Ընկերությունը ստեղծվել է 2012-ին։ Հիմնադիրն «Իկո Հոլդինգն» է, որը գրանցված է Ավստիայում՝ Վիեննայում, և մասնաճյուղեր ունի տարբեր երկրներում։ Ղազախստանում և ՌԴ-ում՝ Ուրալում, «Կամացուի» ներկայացուցչությունն ավելի վաղ է եղել։ Այնտեղից էլ փորձը ներդրվեց Հայաստանում։

«Իկոն» հրավիրվեց մեր երկիր, որպեսզի սպասարկի «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկրության հանքարդյունաբերական մեքենաները։

Ներկայում հանքարդյունաբերական տեխնիկա ենք տրամադրում «Գեոպրոմայնինգին», Թեղուտի հանքին, ԶՊՄԿ-ին, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատին, Կապանի հանքին։ Ամենաբարձր մակարդակով իրականացնում ենք նաև այդ 5 ընկերությունների տեխնիկական սպասարկումը։

-Հիմնադրվել եք որպես տեխսպասարկող ընկերություն և տարիների ընթացքում հասել նրան, որ նաև ներմուծում եք ժամանակակից տեխնիկա։ Ինչպիսի՞ հնարավորույուններ ունեն ձեր մեքենաները։

Ներմուծում ենք հիմնականում բաց հանքի համար նախատեսված տեխնիկա։ Այս պահին Հայաստանում գտնվում են 95 տոննա բեռնատարողությամբ ինքնաթափեր՝ HD785 մոդելը, որոնք գործածվում են Սոթքում, ԶՊՄԿ-ում և Թեղուտում։ Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ դրանք նման չափսերի ամենահուսալի մեքենաներն են։

 

Ունենք 215 տ քաշով էքսկավատորներ՝ 13 մետր խորանարդ շերեփի ծավալով, կան ավելի մեծերը՝ 16 մետր խորանարդ շերեփի ծավալով՝ 385 տ-ոց, 7 մետր խորանարդ՝ 115 տոննա տարողությամբ։ Առկա են հանքերում աշխատող բուլդոզերներ՝ 50 տ, 40 տ քաշով։

Թվարկածս տեսականին ամենաօպտիմալը և ամենահուսալին է աշխարհում։ Ապացույցն աշխատանքային փորձն է «Գեոպրոմայնինգում», ուր մեքենաներն արդեն մի փուլ անցել են՝ 2014-ից  60-65000 ժամ աշխատելով։ Մեր տեխնիկան բարձր արդյունավետություն և տեղափոխման ցածր ինքնարժեք ունի։

-12 տարվա ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ եք ունեցել։ Բացի հանքարդյունաբերությունը, տնտեսության այլ ճյուղերում գործածվո՞ւմ է «Կամացու» տեխնիկան։

2012-ին, երբ նոր էր բացվել ընկերությունը և միայն սպասարկում էր իրականացնում Սոթքի հանքում, այստեղ աշխատում էր 5-6 հոգի։ 20014-ին, երբ ես եկա «Իկո», արդեն 14 աշխատակից կար։ Այժմ ունենք 61 աշխատող։

Գործունեությունն ընդլայնվել է, սպասարկման աշխարհագրությունը՝ նույնպես։ Մեծացրել ենք մեր տեխնիկական պարկը՝ ավելացնելով մեքենաների և աշխատակիցների քանակը։

Փոխվել է աշխատանքի կառավարման ֆորմատը։ Մասնաճյուղեր ենք բացել Ագարակում, Քաջարանում, որտեղ նաև պահեստներ ունենք, որպեսզի Երևանից պահեստամասեր տանելու հարց չառաջանա, տեղում խնդիրները լուծվեն։ Սարքավորումներ ունենք այնտեղ, ինժեներատեխնիկական կազմ, սպասարկող մեքենաներ կան՝ անհրաժեշտ հագեցվածությամբ։

Բացի Սոթքի հանքը, սերտ գործակցել ենք «Վալեքսի» հետ, նույնիսկ 2016-ին այնտեղ կազմակերպել ենք մայնինգ շոու։

Գործունեության այլ ուղղվածություն է շինարարությունը։ Մեր մեքենաները ներգրավվում են քաղաքային, ճանապարհային շինարարության մեջ, կոմունալ տնտեսության կառուցապատումներում։

Գործակցում ենք Զինված ուժերի հետ։ Մեր գործընկերները ՊՆ պատվերով դիրքերի ամրաշինական աշխատանքներ են կատարում սահմանի ամբողջ երկայնքով՝ մեզնից ձեռք բերած մոտ 40 միավոր տեխնիկայով։ Իրականացնում ենք այդ մեքենաների տեխսպասարկումը, անխափան աշխատանքի համար մատակարարում ենք պահեստամասեր։

-Ինչպիսի՞ն է գործակցությունը պետական կառույցների հետ, խոչընդոտների հանդիպո՞ւմ եք։

Ինչ վերաբերում է պետության հետ աշխատանքին, առանձնահատուկ բարդություններ չեն եղել երբեք, իսկ հիմա նույնիսկ ավելի հեշտացել է։ Շատ գործարքներ կատարվում են օնլայն, հարկայինի հետ հարաբերությունն ավելի դյուրին է դարձել 2018-ից հետո։

Քանի որ մեր գործունեությունն աշխատանքների շատ լայն սպեկտոր չի գրավում, բողոքելու տեղ չկա առանձնապես։ Հակառակը, շինարարական սեգմենտում աճ է եղել, զուգահեռ մենք էլ վաճառքի աճ ենք ունեցել։

2022-2023-ին գյուղատնտեսական վարկեր են տրամադրվել, լիզինգի 10 տոկոսը կառավաորությունը սուբսիդավորել է։ Դա շատ է օգնել, որպեսզի տնտեսվարողները ոչ թե արենդավորեն կամ հին տեխնիկայով աշխատեն, այլ ձեռք բերեն նորը, թարմացնեն իրենց պարկը։

-ի՞նչ ծրագրեր ունեք մոտ ապագայում։

Ունենք նոր նախագծեր հանքարդյունաբերության բնագավառում, ինտենսիվ աշխատանք ենք կատարում, որ հաղթող ճանաչվենք գնումներում, նոր մատակարարումներ իրականացնենք։

Հեռանկարում «Լիդիանի» գործարկման հետ կապված ծրագրեր ունենք։ Նախատեսում ենք մեր գործընկեների հետ առաջընթաց ապահովել, մեքենաներ վաճառել։ Մշտապես համալրում ենք «Կամացուի» տեխնիկական բազան։

Մեր վաճառքի ծավալներն աննախադեպ բարձր են եղել՝ պայմանավորված շինարարական ակտիվության բարձրացմամբ։ Որպես արդյունք՝ 2023-ին պետբյուջե ենք մուծել 2 միլիարդ 585 միլիոն դրամ։ 1000 խոշոր հարկատուների մեջ 126-րդն ենք։ 2022-ի 176-րդ տեղից առաջ ենք եկել 50 կետով։ Նախատեսում ենք պահել զարգացման տեմպը։

ajax-loader