«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային 12-րդ փառատոնը` Կոտայքում և Երևանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ պաշտոնապես մեկնարկել է Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 12-րդ փառատոնը։ Այս տարի միջոցառումները կիրականացվեն Կոտայքի մարզում և Երևանում։

Փառատոնի մեկնարկին ընդառաջ, Լոռու մարզում կազմակերպվեց ներառական մշակութային ճամբար, որը միտված է խոցելի խմբերի երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտմանը և մշակութային ինտեգրմանը։

Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ դաշնակահար Լևոն Կարապետյանի, Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլի, «Զալյան Վոյս ստուդիայի» և Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի ժեստերի երգչախումբի մասնակցությամբ։ 

Այս տարի փառատոնի ծրագիրը ներառելու է միջազգային 52 ֆիլմ՝ 35 երկրից, համերգային ծրագրեր, թատերական ներկայացումներ, վարպետության դասեր։

«Ֆրեսկո»-ն մշակութային երկխոսության յուրօրինակ հարթակ է, որը Հայաստանը վերածում է ժամանակակից շփումների խաչմերուկի։ Բացօթյա ցուցադրություններն ու «առանց տոմսի» միջոցառումները օրեր շարունակ կդառնան ինչպես հայաստանցիների, այնպես էլ զբոսաշրջիկների ամենասիրված մշակութային իրադարձություններից։

Փառատոնը համադրում է մշակութային, հոգևոր և սոցիալական արժեքներ, միավորում է արդի արվեստի տարբեր ձևեր և հոգևոր թեմատիկ ֆիլմեր՝ ընդգծելով արվեստի դերը մարդու ներաշխարհի բացահայտման, սոցիալական արդարության, ներառականության և միջմշակութային երկխոսության խթանման գործում։

ajax-loader