Արագացել է 12–ամսյա գնաճը՝ հասնելով 3.9 տոկոսի. ԿԲ

Հայաստանում 2025 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճն արագացել է՝ հունիսին կազմելով 3.9%: Միաժամանակ, 12-ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է՝ կազմելով 3.1%: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկից: 

2025 թվականի օգոստոսի 5-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%: 

ԿԲ–ից ընդգծել են՝ 2025 թվականի երկրորդ եռամսյակում համաշխարհային տնտեսությունում և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի հետագա դանդաղման, իսկ ԱՄՆ-ում՝ զուգահեռաբար նաև գնաճի արագացման ռիսկերն ավելացել են: ԱՄՆ-ի առևտրային քաղաքականության և դրա մակրոտնտեսական ազդեցությունների շուրջ բարձր անորոշությունը պահպանվում է: Բարձր են մնում նաև միջնաժամկետում ԱՄՆ-ի հարկաբյուջետային քաղաքականության կողմից ամբողջական պահանջարկի խթանման չափի, դրանից ածանցվող պարտքի մեծացման և երկարաժամկետ տոկոսադրույքների աճի չափի շուրջ անորոշությունները: Միևնույն ժամանակ, աշխարհաքաղաքական անորոշությունը և միջազգային առևտրային հարաբերություններում լարվածության աճը շարունակում են մատակարարման շղթաների հնարավոր խաթարման և համաշխարհային տնտեսությունում գնաճային ճնշումների ձևավորման ռիսկերի աղբյուր հանդիսանալ: Ավելին՝ տարեսկզբից, հիմնականում առաջարկի գործոններով պայմանավորված, պարենի միջազգային գների աճը և նման միտումների պահպանումը կարող են համաշխարհային գնաճի արագացման ռիսկերի հիմնական աղբյուրներից լինել: Այս համատեքստում, հաշվի առնելով մի կողմից՝ թույլ պահանջարկի միջավայրի ձևավորման և մյուս կողմից՝ բարձր գնաճային միջավայրի պահպանման ռիսկերը, հավանական է, որ առաջատար երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում հիմնականում կպահպանեն կամ աստիճանաբար կթուլացնեն դրամավարկային խիստ պայմանները:

«2025 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունն արագացել է, ընդ որում՝ պահանջարկի ընդլայնմամբ շարժվող ճյուղերի աճը գերազանցել է որոշ կարճաժամկետ, ոչ կառուցվածքային աճի գործոնների աստիճանական չեզոքացման ազդեցությունը: Ակտիվության բարձր աճին շարունակել է զգալիորեն նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճը: 2024 թվականին և 2025 թվականի առաջին եռամսյակում արձանագրված կայուն դանդաղումից հետո, արձանագրվել է ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկի աճ: Միևնույն ժամանակ, տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկություններից բխող՝ աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաև ներքին պահանջարկի հետագա միտումների վերաբերյալ անորոշությունները մնում են բարձր: Նման իրավիճակում, պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա դեռևս գնահատվում է չեզոք, իսկ գնաճի ընթացիկ միտումներն առավելապես պայմանավորված են առաջարկի որոշ գործոններով: Զուգահեռաբար՝ աշխատաշուկայի պայմանները, աշխատավարձերը, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճը և գնաճային սպասումներն աստիճանաբար կայունանում են: Միաժամանակ, հարկաբյուջետային քաղաքականության կողմից միջնաժամկետ հորիզոնում առկա են առավելապես գնաճային ռիսկեր»,–նշում են գլխավոր դրամատնից:

ԿԲ–ից հավելում են՝ մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում, ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները, ընդհանուր առմամբ, ակնկալում են, որ ՀՀ կենտրոնական բանկն առաջիկա միջնաժամկետ հորիզոնում աստիճանաբար կնվազեցնի քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6.25% մակարդակի շրջակայքում: 

Քննարկված ռիսկերի և բարձր անորոշության պայմաններում, հաշվի առնելով գների կայունության նպատակի ապահովման իր հանձնառությունը, ԿԲ խորհուրդը դիտարկել է քաղաքականության մի շարք սցենարներ: Մի կողմից՝ ԿԲ խորհուրդը դիտարկել է սցենարներ (Ա տիպի), այդ թվում՝ աշխարհաքաղաքական իրավիճակի և հարկաբյուջետային քաղաքականությունների հետ կապված համաշխարհային և ներքին չեզոք տոկոսադրույքների հնարավոր աճի, ինչպես նաև ներքին տնտեսությունում ավելցուկային պահանջարկի պայմանների ձևավորման ռիսկերի առումով, որոնք պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքների ուղի։ Մյուս կողմից՝ Խորհուրդը քննարկել է Բ տիպի սցենարներ, այդ թվում՝ արտաքին պահանջարկի ճշգրտման համատեքստում տնտեսության որոշ հատվածների անհավասարաչափ թուլացման, անշարժ գույքի գների հնարավոր, աստիճանական ճշգրտման պայմաններում տնտեսությունում թույլ պահանջարկի միջավայրի ձևավորման ու խորացման և համաշխարհային տնտեսության դանդաղման հեռանկարի վերաբերյալ, որոնք ենթադրում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության տոկոսադրույքների ավելի ցածր ուղի: 

Արդյունքում՝ արձանագրելով Ա տիպի ռիսկերի ավելացումն ու կարևորելով դրանցից բխող մակրոտնտեսական ազդեցությունների կառավարման անհրաժեշտությունը՝ ՀՀ ԿԲ խորհուրդը ներկա շրջափուլում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի և գների կայունության ապահովման համար:

ajax-loader