ՀԲ-ն 116 միլիոն դոլարով կաջակցի Հայաստանի կանաչ, ներառական և կայուն զարգացմանը

Համաշխարհային բանկի (ՀԲ) Գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանին ուղղված $116 միլիոնին համարժեք գումարով աջակցելու ծրագիրը:

Զարգացման քաղաքականության գործառնությունը (ԶՔԳ) ներառում է Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) ֆինանսավորումը՝ €92․3 միլիոն վարկի գումարով ($100 միլիոնին համարժեք) եւ «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի» (Global Concessional Financing Facility (GCFF)) դրամաշնորհը՝ $16 միլիոն գումարի չափով։

ՀԲ-ից հայտնել են, որ բյուջետային աջակցությունը Հայաստանի կառավարությանը կօգնի կլիմայական դիմակայունության ստեղծման եւ ապագա ցնցումներից խոցելիության նվազեցման հարցում։

«Զարգացման քաղաքականության այս գործառնությունն օժանդակում է Հայաստանում սոցիալական հավասարության բարելավման, մարդկային կապիտալի հզորացման, լավ կառավարման ուժեղացման եւ կլիմայի փոփոխության մեղմացման եւ հարմարվողականության խթանման համար նախատեսված բարեփոխումների փաթեթի»,- ասել է ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։

Գործառնությունը կաջակցի կառավարության բարեփոխումներին հետեւյալ ոլորտներում․

•    Կլիմայի փոփոխության մեղմացման եւ հարմարվողականության խթանում եւ շրջակա միջավայրի կառավարման կարգավորման դաշտի բարելավում․

•    Հավասարության բարելավում եւ մարդկային կապիտալի զարգացման խթանում․

•    Հակակոռուպցիոն շրջանակի հզորացում եւ արդարադատության ոլորտի արդյունավետության բարձրացում։

ajax-loader