Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի նախագծում եկամտային մասը 1 տրլն 367 մլրդ 800 մլն դրամով կամ 105 տոկոսով ավելի է, քան 2018-ին պլանավորածը:
Այդ մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:
«2024 թվականի բյուջեի եկամտային մասով ՀՀ բյուջեն 2018 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկվում է: 2024 թվականին պլանավորվող բյուջեի եկամտային մասը 1 տրլն 367 մլրդ 800 մլն դրամով կամ 105 տոկոսով ավելի է, քան 2018-ին պլանավորվածը: Ավելացող մասը 60 մլրդ դրամով ավելի է, քան 2018-ի նախատեսված ամբողջ բյուջեն»,-ասաց վարչապետը:
Էական ավելացումներ են արվում մի շարք առանցքային ուղղություններով: Օրինակ՝ կրթության մասով հատկացումները 2018 թվականի համեմատ աճում են 130 տոկոսով: