Ինչպես են տեղակայված բանկերը 1000 խոշոր հարկատուների ցանկում․ ՀԲՄ վերլուծությունը

Հայաստանի 18 առեւտրային բանկից 17-ը 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով շարունակում է դիրքային առաջընթաց գրանցել առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում, նրանցից 15-ը ընդգրկվել է առաջին 100 խոշոր հարկատուների ցանկում:

9 ամսվա ընթացքում բանկերը քանակական ներկայացվածությամբ ապահովել են 1.7% տեսակարար կշիռ, իսկ վճարած հարկերի առումով՝ 8.8%:

Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) վերլուծել է առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում ՀՀ առեւտրային բանկերի ընդգրկվածության միտումներն ու հետեւել բանկային համակարգի կողմից կատարվող հարկային վճարումների ընթացիկ ցուցանիշներին ու ծավալներին:

ՀԲՄ վերլուծության մեջ նշվում է, որ համաձայն ՊԵԿ հրապարակած վիճակագրության, հարկային մուտքերը բոլոր 1000 կազմակերպությունների գծով հաշվետու ժամանակահատվածում կազմել են 1 267 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 16.9%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում ցանկում ընդգրկված 17 առեւտրային բանկերը գեներացրել են 111.8 մլրդ դրամի չափով հարկային մուտքեր, որը կազմել է ընդհանուր ծավալի 8.8%-ը: Համեմատության համար նշվում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն ավելացել է 65.3 մլրդ ՀՀ դրամով, այսինքն՝ հավելաճը կազմել է շուրջ 140.4%: Իսկ 2019թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ բանկերի կողմից վճարված ընդամենը հարկերը ավելացել են շուրջ 69 482 մլն դրամով կամ շուրջ 3 անգամ:

«Հունվար-սեպտեմբեր ամիսներին առեւտրային բանկերի վճարած ընդամենը հարկերի միջինացված ցուցանիշը մեկ բանկի հաշվով կազմել է 6 576 մլն դրամ, որն ավելի քան 5 անգամ գերազանցում է մնացած հարկ վճարողների միջինացված ցուցանիշը՝ կազմելով 1 175 մլն դրամ:

1000 խոշոր հարկատուների վճարած ուղղակի հարկերի ծավալը շահութահարկի եւ եկամտահարկի գծով կազմել է 437.8 մլրդ ՀՀ դրամ, որից բանկերի վճարած ուղղակի հարկերը կազմել են շուրջ 101.9 մլրդ դրամ կամ ընդհանուր ուղղակի հարկերի 23.3%-ը: Այս ցուցանիշի մասով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 62.1 մլրդ դրամի կամ 156% աճ»,- ասված է ՀԲՄ վերլուծության մեջ:

Ուշագրավ է, որ առեւտրային բանկերի վճարած շահութահարկի եւ եկամտահարկի միջինացված ցուցանիշը մեկ բանկի հաշվով կազմել է 5 994 մլն դրամ՝ ավելի քան 17 անգամ գերազանցելով մնացած կազմակերպությունների միջինացված ցուցանիշը, որը կազմել է 342 մլն դրամ:

ajax-loader