Կառավարության պահուստային ֆոնդը համալրվեց լրացուցիչ 10 միլիարդ դրամով

10 միլրդ դրամ լրացուցիչ հարկային եկամուտների ծրագրային ցուցանիշի ավելացման հաշվին համալրվեց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդը: Կառավարության հերթական նիստի ժամանակ համատասխան նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2023 թվականին առաջին կիսամյակի արդյունքներով բյուջեի եկամուտների գերակատարմամբ. առաջին կիսամյակի պլանի նկատմամբ գերակատարվել է շուրջ 50 միլիարդ դրամով, և սրա արդյունքում 10 միլիարդ դրամով լրացուցիչ հարկային եկամուտների ծրագրային ցուցանիշների ավելացման հաշվին համալրվում է պահուստային ֆոնդը: Նշեմ, որ սրանից առաջ 10 որոշմամբ արդեն իսկ մեր պլանն ավելացվել էր շուրջ 7.5 միլիարդ դրամով, և որի հիմնական մասը՝ մոտ 6.5 միլիարդ դրամը, հատկացվել է Լեռնային Ղարաբաղին»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով բյուջեի եկամուտների կիսամյակային աճին, ներկայացրեց հետևյալ ցուցանիշները.

«Կիսամյակի տվյալով մենք 19 տոկոսով ավելի գումար ենք հավաքվել 2022 թվականի 1-ին կիսամյակի համեմատ. բացարձակ թվով՝ 176 մլրդ դրամի: Շատ կարևոր է նաև համեմատել 2018 թվականի 1-ին կիսամյակի հետ: Այս տարվա 1-ին կիսամյակին 2018 թվականի 1-ին կիսամյակի համեմատ մենք հավաքել ենք 531 մլրդ դրամով ավելի գումար, որը կազմում է 92.7 տոկոս»,- մանրամասնեց Փաշինյանը:

ajax-loader