Դեբեդում մեկնարկել է դպրոցի շինարարությունը. ՔՈԱՖ-ը ներդնելու է ավելի քան 1,7 մլն ԱՄՆ դոլար

Լոռու մարզի Դեբեդ գյուղում տեղի է ունեցել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) կողմից կառուցվող դպրոցի հիմնարկեքի արարողությունը։

Հիմնադրամից հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Փամբակ խոշորացված համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, կառավարության և համայնքի այլ ներկայացուցիչներ, ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը։

HHHH.jpg (412 KB)

Դպրոցի կառուցումն իրագործվում է հիմնադրամի գյուղական համայնքների համապարփակ զարգացման ծրագրերի շրջանակներում` հնարավորություն ընձեռելով հարյուրավոր երեխաների և երիտասարդների՝ ունենալու 21-րդ դարին համահունչ որակյալ կրթություն և ուսումնառության համար լավագույն պայմաններ:

Նշվում է, որ Դեբեդում միջնակարգ նոր դպրոցի կառուցման հանձնառությունը հիմնադրամը ստանձնել է հաշվի առնելով նախկինում գործող շենքի անբարեկարգ վիճակը: Նոր դպրոցը, որի կառուցման համար ՔՈԱՖ-ը ներդնելու է ավելի քան 1,7 մլն ԱՄՆ դոլար, ներառում է ժամանակակից դպրոցական համալիր՝ լուսավոր և գունեղ դասասենյակներով, մասնագիտացված լաբորատորիաներով և ինտերակտիվ ու ժամանակակից այլ սենյակներով, որոնք նախատեսված են ոչ միայն գիտելիքների յուրացումը դյուրին դարձնելու, այլև երեխաների ակտիվ ներգրավվածությունը խրախուսելու համար:

CCC.jpg (698 KB)

ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը բացման խոսքում նշել է.

«ՔՈԱՖ-ը Լոռվա մարզում իրականացվող տարբեր ծրագրերի և շինարարական նախագծերին զուգահեռ այսօր մեկնարկեց Դեբեդի դպրոցի կառուցման աշխատանքները։ Մեր նպատակն է հնարավորինս աջակցել որակյալ կրթություն ստանալու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմանը։ Ուզում եմ հատուկ նշել, որ ինչպես մեր մնացած նախագծերն, այնպես էլ Դեբեդի դպրոցի կառուցումն ընթանում է անձնակազմի շարունակական վերապատրաստումներին զուգահեռ։ Մենք կառուցում ենք ոչ միայն դպրոցի շենք, այլև փորձում ենք ստեղծել միջավայր, որտեղ երեխաները և ուսուցիչները կկարողանա բացահայտել և իրացնել իրենց ամբողջ ներուժը, աշխատել և սովորել ստեղծագործականությունը խթանող միջավայրում, ձևավորել լայն մտահորիզոն»։

VVVV.jpg (414 KB)

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ կրթական համակարգում ներկայումս բավականին ծավալուն բարեփոխումերի ժամանակաշրջան է։

«Այս համատեքստում իրականացվող ամենակարևոր ծրագրերից մեկը Կառավարության «300 դպրոց և 500 մանկապարտեզ»-ն է և կարծում եմ՝ այս դպրոցի շինարարությունը գալիս է համալրելու նշված ծրագիրը։ Բնականաբար, սա իրականացնելու հնարավորություն չէր լինի, եթե «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն ակտիվորեն չաշխատեր բարերարների հետ։ Մեր մեծ շնորհակալությունը հիմնադրամին և բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ուզում ունենալ մեր երկրում, մասնավորապես դպրոցաշինության և կրթության ոլորտում փոփոխություններին ուղղված ծրագրերում»։

FFF.jpg (459 KB)

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն ընդգծել է Դեբեդ գյուղում նոր որակի ուսումնական հաստատություն հիմնելու կարևորությունը՝ նշելով.

«Իզուր չէ ասված, որ պետության զարգացման կարևոր նախապայմաններից մեկը լավագույն կրթության ապահովումն է, իսկ դրա համար կարևոր է նաև կրթական բարենպաստ միջավայրի ստեղծումը։ Այս կապակցությամբ շնորհավորում եմ Լոռու մարզի, մասնավորապես Դեբեդի բնակիչներին ժամանակակից դպրոցի շինարարության մեկնարկի կապակցությամբ։ Կարճ ժամանակ հետո ՔՈԱՖ-ի շնորհիվ ունենալու ենք նորարարական և առաջադեմ կրթական մի կառույց, որը կօգնի յուրաքանչյուր աշակերտի ստեղծարար միջավայրում բացահայտել իր ներուժը, զարգացնել կարողությունները՝ ստանալով որակյալ կրթություն»։

FFFFFF.jpg (854 KB)
ajax-loader