Հունվարի 1-ից ժամկետային զինծառայության ժամկետը կրճատվում է

Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2 տարվա փոխարեն կլինի 1.5 տարի՝ 2026 թվականի հունվարի 1-ից։ Այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Վստահաբար տեղյակ եք, որ պաշտպանության նախարարը խորհրդարանական գործընկերների հետ քննարկումների արդյունքում օրենսդրական նախաձեռնություն էր դրել շրջանառության մեջ, որով առաջարկում էր Հայաստանում  ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամկետը երկու տարվա փոխարեն սահմանել 1.5 տարի։  Ի սկզբանե նախատեսված էր, որ այս կարգավորոմւն ուժի մեջ մտնի 2026 թվականի ամառային զորակոչից, բայց այսօր քննարկում եմ ունեցել պաշտպանության նախարարի հետ, իսկ նախորդող շրջանում՝ խորհրդարանական գործընկերների հետ, և որոշել ենք, որ օրենքն ավելի շուտ ուժի մեջ մտնի՝ 2026 թվականի հունվարի 1-ից։ Այսինքն, 2026 թվականի ձմեռային զորակոչից Հայաստանում ժամկետային զինծառայությունը 2 տարվա փոխարեն կլինի 1.5 տարի։ Շնորհակալություն և բարի ծառայություն եմ մաղթում մեր բոլոր զինվորներին»,- գրել է վարչապետը։   

Ավելի վաղ E-draft հարթակում հանրային քննարկման էր դրվել  ՀՀ պաշտպանության նախարարության նախագիծը, որով առաջարկվում էր ՀՀ-ում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատել և 2 տարվա փոխարեն սահմանել 1.5 տարի։

ajax-loader