Սահմանափակումները, որոնք կարող են առաջիկայում լինել ապրանքների վերաարտահանման վրա, Հայաստանի այս տարվա համախառն ներքին արդյունքի ցուցանիշի վրա կարող են ունենալ 0.24 տոկոս ազդեցություն:
Այդ մասին հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցերին:
Հայաստանում նկատված տնտեսական ակտիվության բարձր տեմպը պատգամավորը կապեց հիմնականում արտաքին ժամանակավոր գործոնների հետ՝ նկատելով, որ երկրորդ կիսամյակում նկատվում է տնտեսական ակտիվության աճի տեմպի էական նվազում՝ այն ֆոնին, երբ քննարկվում է Ռուսաստանի հետ վերաարտահանման սահմանափակումների խնդիրը:
«Մենք այս «ոսկե շրջանն» ավարտեցի՞նք, այլևս այդ գործոնը չկա՞, թե՞ որոշակի հնարավորություն կա նորից բարձր երկնիշ տնտեսական ակտիվություն ունենալու»,-հարցրեց պատգամավորը:
Նախարար Վահան Քերոբյանը պատասխանեց. «Առաջին 7 ամիսների տնտեսական աճի արդյունքներն անհամեմատ ավելի բարձր են, քան կառավարության՝ 2023-ի բյուջեով դրված թիրախները: Մեր կանխատեսումներն այս տարվա համար մեզ վստահություն են տալիս, որ մենք, այնուամենայնիվ, կգերակատարենք կառավարության բյուջեով հաստատած թիրախները: Կառավարությունն իր ծրագրի իրականացման ընթացքում նաև կապահովի հաջորդ տարիների նախանշած տնտեսական աճի ցուցանիշները, խոսքը 7 տոկոս տնտեսական աճի մասին է»:
Անդրադառնալով արտահանմանը՝ նախարարն ասաց, որ տարվա առաջին կիսամյակի տվյալներով ծառայությունների և ապրանքների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է մոտ 57 տոկոս, որը ռեկորդային է:
«Մեր կարծիքով՝ այն սահմանափակումները, որոնք կարող են առաջիկայում լինել ապրանքների վերաարտահանման վրա, Հայաստանի 2023 թ ՀՆԱ-ի ցուցանիշի վրա կարող են ունենալ 0.24 տոկոս ազդեցություն»,-ասաց նա՝ վստահեցնելով, որ պատգամավորի մտահոգության առիթը մեծ ազդեցություն չունի ՀՀ-ի ՀՆԱ-ի վրա: