«Ֆրունզիկ Մկրտչյան․Հնդկաստանը հիշում է ինձ»․ պրեմիերա  «Քաջարան» կինոթատրոնում

Քաջարանի մշակույթի պալատում` «Քաջարան» կինոթատրոնում, կայացավ «Ֆրունզիկ Մկրտչյան․Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմի պրեմիերան։

Սա ֆիլմ բացահայտում է այն առումով, որ պատմում է դերասանի կյանքի մի այնպիսի հատավածի մասին,որը լայն լուսաբանված չէ, թե ինչպես է Հայաստանում և ԽՍՀՄ –ի ամբողջ տարածքում ճանաչված Մհեր Մկրտչյանը Հնդկաստանում ևս սիրվել ու լայն ճանաչում ձեռք բերել։ Այն պատմում է ԽՍՀՄ-ի և Բոլիվուդի առաջին համատեղ նկարահանված «Ալի Բաբան ու 40 ավազակները» հեքիաթ –ֆիլմում իր կատարած դերի մասին։

Վավերագրական ֆիլմը ստեղծվել է «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպության ու Վրաստանի և Հնդկաստանի մշակութային պալատի հիմնադիրներ Ռանանջայ Անանդի և Դավիթ Բեժիտաշվիլիի համատեղ ջանքերով, ռեժիսորն է Օթար Միքելաձեն:

Երեկոն համակված էր 3 ժողովուրդների`հայ,վրաց ու հնդիկ միավորման ու բարեկամության շնչով։ 🇦🇲🇬🇪🇮🇳

Երեկոյի ընթացքում հնչեցին վրաց ու հայկական մեծանուն երաժիշտների ստեղծագործությունները քանոնահարների դուետ Նարա Մկրտչյան և Նաիրա Բաբայանի կատարմամբ, իսկ Քաջարանի մշակույթի պալատի «Զանգեզուր պարային համույթ»-ի սաները (պարուսույց Նարինե Մովսիսյան) և Սառա Ստեփանյանը (պարուսույց Մելանյա Մարտիրոսյանը) ներկայացան գեղեցիկ պարային համարներով։

Մշակույթի պալատի նախասրահում ցուցադրվեց Մհեր Մկրտչյանի Հնդկաստանում նկարահանման հրապարակից բացառիկ ֆոտոշարքը։

Միջոցառմանը ներկա էին Քաջարան խոշորացված համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Արթուր Նիկողոսյանը, Վրաստանի մշակույթի պալատի հիմնադիր և պրոդյուսեր Դավիթ Բեժիտաշվիլին և ֆիլմի ռեժիսոր Օթար Միկելաձեն, «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի ներկայացուցիչները նախագահ Ռանանջայ Անանդի գլխավորությամբ, «Հայաստանի ազգային կինոնկենտրոն» ՊՈԱԿ –ի ներկայացուցիչները, Մհեր Մկրտչյանի թանգարանի աշխատակից`Ալեքսանդր Այվազյանը:

Այս գեղեցիկ մշակութային ծրագիրը հնարավոր եղավ իրականացնել «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի շնորհիվ։

ajax-loader