Հանրային սեկտորը՝ բնապահպանական խնդիրների մասին․ քննարկում շրջակա միջավայրի նախարարի հետ

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպում-քննարկում է անցկացրել շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվող անհատների և ՀԿ-ների հետ, որին ներկա է եղել նաև Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության Կառավարության և հասարակայնության հետ կապերի վարչության տնօրեն Սուսաննա Մարտիրոսյանը։

Նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ողջունելով հանդիպման մասնակիցներին, նախարարը նախ շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար և շեշտել, որ հանդիպման կարևոր նպատակներից մեկն էլ ոլորտի քաղաքականությամբ զբաղվող պետական գերատեսչության և հանրային սեկտորի ներկայացուցիչների միջև թվացյալ «տարանջատման» քննարկումն է։ Այս համատեքստում նախարարը նաև անդրադարձել է վերջին շրջանում բնապահպանական հանրության ներկայացուցիչների թիրախավորման դեպքերին և փաստել, որ նրանցից յուրաքանչյուրը կարևոր գործընկեր և խորհրդատու է գերատեսչության համար և, ինչն ամենակարևորն է՝ հանրային կարծիքը և տրամադրությունները փոխանցող խողովակ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բնապահպանական խնդիրների լայն շրջանակի՝ օրենսդրական կարգավորումներից մինչև արձանագրված խնդիրներ ու դրանց լուծումների առաջարկներ։

Նախարարը գործընկերներին է ներկայացրել իրենց հուզող հարցերի շրջանակում նախարարությունում մեկնարկած գործընթացները և հույս հայտնել, որ առաջիկայում դրանցից յուրաքանչյուրի մասով հանրային սեկտորի առավել առարկայական մասնակցություն կապահովվի։

Առանձնակի ուշադրության է արժանացել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Նախարարը խոստացել է նախագծի շուրջ հնարավորության դեպքում ևս մեկ քննարկում կազմակերպել հանրային սեկտորի ներկայացուցիչների հետ։

Քննարկվել է նախարարին կից հասարակական խորհրդի վերաձևավորման հարցը։ Առաջարկ է հնչել նաև գիտական խորհրդի ձևավորման, որը մասնագիտական աջակցություն կցուցաբերի նախարարության կողմից իրականացվող ոլորտային բարեփոխումների աջակցմանը։

ajax-loader