Հայաստանում հանքարդյունաբերությունը օրհասական վիճակում է, պետական աջակցության անհրաժեշտություն կա

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունում անդամ կազմակերպությունների երկրաբանների մասնակցությամբ քննարկեց 11.08. 2022թ. ՀՀ կառավարության «Օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ներկայացման կարգը, հաշվետվությունների ձևերը և լրացման ուղեցույցները սահմանելու մասին» N1268-Ն որոշման կիրարկման հարցը։

Ներկայացված որոշումը հանքարդյունաբերողներին լուրջ ֆինանսական և վարչարարական հարցերի առաջ է կանգնեցրել։ Ոլորտի այլ խնդիրների շարքում այս մասին դեռևս նոյեմբերի 3-ին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի հետ հանդիպման ժամանակ ահազանգել էին միության անդամ ընդերքօգտագործող կազմակերպությունները։

Բուռն քննարկման ընթացքում հնչեցին կարծիքներ, մասնագիտական դիտարկումներ, ընդգծվեցին որոշման անմիջական անբարենպաստ ազդեցությունը հանքարդյունաբերող ընկերությունների վրա։

Այս համատեքսում ընկերությունների ներկայացուցիչները եկան ընդհանուր եզրահանգման՝ առ այն, որ սուղ ժամկետներում պահանջվող բազմածավալ և աշխատատար, ինչպես նաև մեծ ֆինանսներ ենթադրող նմանատիպ իրավական որոշման կիրարկումը հավելյալ բեռ է ընկերությունների բնականոն գործունեության վրա և դրանց ոչ պատշաճ իրականացումը կարող է հանգեցնել ընդհուպ մինչև հանքարդյունաբերող ընկերությունների ընդերքօգտագործման իրավունքի դադերացման։ Առանց այն էլ Հայաստանում հանքարդյունաբերությունը օրհասական վիճակում է, և ցուցանիշները գահավիժում են դրամի արտարժույթի տատանման պատճառով։

Աշխատանքային խումբը որոշում կայացրեց մեկ անգամ ևս գրավոր դիմել լիազոր մարմինին ՝ ակնկալելով վերջինիս կողմից ընդունելի համարել հարցի շուրջ ոլորտի մասնագետների տեսակետները և համապարփակ լուծում պահանջող խնդիրը լուծել երկուստեք փոխհամաձայնությամբ։

Քննարկմանը մասնակցում էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ի ներկայացուցիչ Սերգեյ Աբրահամյանը, Ախթալայի ԼԿՀ-ից՝ Դավիթ Աբգարյանը և Խորեն Հարությունյանը, Մեղրաձորի Գոլդ ՍՊԸ-ի երկրաբան Գրիգոր Մուխսի-Հովեյանը, Չաարարտ ՓԲԸ-ից Արա Բարսեղյանը, Գեոպրոմայնինգ Գոլդ ՍՊԸ-ից Մակիչ Մկրտչյան, Թեղուտ ՓԲԸ-ից Հրանտ Հախվերդյանը։

Հարկ է նշել, որ ՏԿԵ նախարարի առաջարկով նոյեմբերի 3-ին պայմանավորվածություն էր ձեռք բերվել պարբերաբար հանդիպել և քննարկել ոլորտի առաջ ծառացած հրատապ լուծում պահանջող խնդիրները, որոնք բազմաթիվ են ու տարաբնույթ։

ajax-loader