ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է Չինաստանում գործող էլեկտրոնային առեւտրի Temu եւ Shein հարթակները այն ընկերությունների ցանկում ավելացնելու հնարավորությունը, որոնք ենթադրաբար օգտագործում են հարկադիր աշխատանքը: Այս մասին երեքշաբթի հայտնել է Semafor պորտալը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Թե՛ Temu-ն եւ թե՛ Shein-ը հանրաճանաչ են ամերիկացի օգտատերերի շրջանում, ուստի նման մեղադրանքը «ԱՄՆ վարչակազմի կողմից լուրջ քայլ» եւ «Չինաստանից սպառողական ապրանքների ներմուծման դեմ պայքարում նրա շահագրգռվածության ապացույցը կլինի», – նշել է Semafor-ը:
Shein առցանց ռեթեյլերը հիմնադրվել է Նանկինում 2008թ., սակայն մի քանի տարի առաջ ընկերության գլխամասային գրասենյակը տեղափոխվել է Սինգապուր: Shein-ի ներկայացուցիչը պորտալին ասել է, որ առցանց խանութի գործունեությունը համապատասխանում է օրենսդրությանը: «Մեզ սա չի վախեցնում։ Ավելին, փաստերի ամբողջական եւ ազնիվ վերլուծությունը ցույց կտա, որ մենք լիովին համապատասխանում ենք ույղուրների հարկադիր աշխատանքի կանխարգելման օրենքին»,- ասել է նա պարբերականին։