Ընթացող տարում կյանքի կկոչվեն գյուղատնտեսական մի շարք նախաձեռնություններ` «Կայուն և ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում» (SIGMA) ծրագրի շրջանակում:
Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից: Այն իրականացնում են DAI Global UK (DAI) միջազգային ընկերությունը և իր հայաստանյան մասնաճյուղը՝ AMPERA խորհրդատվական ընկերության հետ համատեղ:
SIGMA-ի նպատակն է նվազեցնել աղքատությունն ու անհավասարությունը Հայաստանի լեռնային բնակավայրերում՝ կիրառելով ներառական, նորարարական և շրջակա միջավայրը չվնասող մոտեցումներ: Ծրագիրը համագործակցում է մասնավոր ընկերությունների հետ և համատեղ ներդրումների միջոցով նպաստում է Հայաստանում գյուղատնտեսության և գյուղական զբոսաշրջության զարգացմանը:

«SIGMA-ի և մասնավոր ընկերությունների համատեղ ներդրումային ծրագրերն առաջնահերթ նոր հնարավորություններ են ստեղծում փոքր գյուղացիական տնտեսությունների համար: Օգտվելով այս ծրագրերի արդյունքում մատուցվող ծառայություններից՝ նրանք հնարավորություն են ունենում բարելավել իրենց աշխատանքի արդյունավետությունը և մեծացնել եկամուտները: SIGMA-ի գործընկերները, իրենց հերթին, ձեռք են բերում եկամտի նոր աղբյուր ծառայությունների շարունակական մատուցման շնորհիվ», – նշել է SIGMA ծրագրի թիմի ղեկավար Կարեն Գևորգյանը:
Ծրագրի շրջանակում Սպիտակ համայնքում ներդրվել է անձրևացման ինքնաշխատ ոռոգման համակարգ: Այն հնարավորություն է տալիս կրճատել ոռոգման ժամանակն ու ջրի կորուստը, նվազեցնել ջրի մակերեսային հոսքի և էրոզիայի հավանականությունը, ինչպես նաև բարձրացնել բույսերի մշակության տնտեսական արդյունավետությունը: Ծրագրի շրջանակում նույնատիպ ոռոգման համակարգ ներդրվել է նաև Վարդենիս համայնքում:
Ակտիվ աշխատանքներ են տարվում նաև Լոռու մարզի Մարգահովիտ բնակավայրում մեղվաբուծության գիտաարտադրական կրթական կենտրոնի ստեղծման ուղղությամբ: Կենտրոնը տրամադրելու է մեղվաբուծական արտադրանքի որակի ապահովման և վերամշակման, մարքեթինգային, ինչպես նաև մեղվաբույծների վերապատրաստման ծառայություններ: Լոռու մարզի մեկ այլ բնակավայրում՝ Գյուլագարակում, իրականացվող ծրագրի արդյունքում ս.թ. աշնանից սկսած գյուղացիական տնտեսությունները հնարավորություն կունենան օգտվել ագրոմեխանիզացիայի համապարփակ ծառայություններից: Վերջիններս ներառելու են հացահատիկային մշակաբույսերի և կարտոֆիլի մշակության բոլոր միջոցառումները:

Հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի սերմերի մաքրման և ախտահանման կենտրոնը Վարդենիս համայնքում պատրաստ կլինի շահագործման սեպտեմբերին: Այն հնարավորություն կտա էապես բարելավել օգտագործվող սերմերի որակը և բարձրացնել մշակաբույսերի բերքատվությունը։ Աշնանը Գեղարքունիքում կգործարկվի նաև մրգերի երկարատև պահեստավորման սառնարանային տնտեսությունը, որը հնարավորություն կտա Վարդենիկի և հարակից 20 բնակավայրերի ֆերմերներին պահեստավորել կամ վաճառել իրենց գյուղատնտեսական արտադրանքը:
Այս տարվա մարտին մեկնարկած SIGMA ծրագիրը միտված է ապահովելու ավելի մեծ եկամուտ և ստեղծելու աշխատատեղեր Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի լեռնային գյուղական բնակավայրերի ֆերմերների և փոքր գյուղացիական տնտեսությունների համար: Ծրագրի տևողությունն է տասը տարի: Առաջին փուլի շրջանակում՝ 2024-2026 թթ.-ին, նախատեսվում է իրականացնել 21 համատեղ ներդրումային ծրագիր, 15-ը` գյուղատնտեսության, 6-ը` գյուղական զբոսաշրջության ոլորտներում: