Հուլիսի 8-11-ը հատուկ առաքելությամբ Երևանում էր գտնվում ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության և «Open Ownership» կազմակերպության համատեղ պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին՝ ԱՃԹՆ միջազգային քարտուղարության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Մարկ Բըրնեթը, տարածաշրջանային պատասխանատու Լիսա Սվիլանդը և Open Ownership կազմակերպության պատասխանատու Ագուստինա դե Լուկան:
Այցի նպատակները բազմազան էին, որոնց մեջ կարևորներից էին՝ Հայաստանի ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի հետ հանդիպումներն ու քննարկումները, Հայաստանի ԱՃԹՆ-ի գործող և պոտենցիալ գործընկերների հետ կլոր սեղանի անցկացումը, «Opening Extractives» ծրագրի ներքո իրական շահառուների (ԻՇ) տվյալներն ընդերքօգտագործման թույլտվությունների տրամադրման գործընթացում օգտագործելու հմտություններին նվիրված աշխատաժողովի անցկացումը և համագործակցային այլ հարցեր:
Այցի առաջին օրը տեղի է ունեցել Հայաստանի ԱՃԹՆ-ի ԲՇԽ-ի անդամների և ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության պատասխանատուների հանդիպումը, որի ժամանակ ՀՀ ԱԴ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի տեղակալ Լալա Ներսեսյանը և բաժնի պետ Հռիփսիմե Իսկանդարյանը ներկայացրել են իրական շահառուների հայտարարագրման իրավական դաշտում սպասվող փոփոխությունների, ինչպես նաև հայտարարագրման էլեկտրոնային համակարգի ընթացիկ բարեփոխումների մասին: Կողմերը քննարկել են, թե նշված գործողություններն ինչքանով են համընկնում Open Ownership կազմակերպության կողմից որդեգրած ԻՇ-ի տվյալներին առնչվող միտումներին, ինչպես նաև ԻՇ-ի գծով ԱՃԹՆ-ի Ստանդարտի պահանջներին:
Այցի շրջանակներում հուլիսի 9-10-ն Երևանի ԴաբլԹրի Բայ Հիլթըն հյուրանոցում անցկացվել է երկօրյա աշխատաժողով, որին մասնակցեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ընդերքի վարչության, Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների,
մեդիայի ներկայացուցիչներ՝ թվով մոտ 20 հոգի: Աշխատաժողովի մասնակիցներին ողջունել է նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը:
Աշխատաժողովը նվիրված էր հանքարդյունաբերության ոլորտում ընդերքօգտագործման իրավունքների տրամադրման գործընթացում իրական շահառուների տվյալների օգտագործմանը: Ուսուցողական բնույթ ունեցող աշխատաժողովի թեմաները ներկայացվել են «Open Ownership» կազմակերպության պատասխանատու Ագուստինա դե Լուկայի և ԱՃԹՆ միջազգային քարտուղարության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Մարկ Բըրնեթի, ինչպես նաև տարածաշրջանային պատասխանատու Լիսա Սվիլանդի կողմից: Աշխատանքային քննարկումներին հայաստանյան իրողությունները մեկնաբանվել են նաև աշխատաժողովի հայաստանյանյան համակարգող, ԱՃԹՆ քարտուղարության ղեկավար Հասմիկ Մանուկյանի
կողմից:
Աշխատաժողովն ընթացել է ինտերակտիվ և բարձր մասնակցային մթնոլորտում: Բոլոր
մասնակիցներն, այդ թվում՝ հյուրերը, արձանագրել են աշխատաժողովի արդյունավետությունը,
օգտակարությունը և դրանք պարբերաբար շարունակելու անհրաժեշտությունը:
Այցի չորրորդ օրվա առաջին կեսին կայացած ԲՇԽ-ի և ԱՃԹՆ-ի 5-րդ զեկույցի անկախ ադմինիստրատոր հանդիսացող Գրանթ Թորնթոնի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության պատասխանատուները անդրադարձ են կատարել Հայաստանի՝ որպես ԱՃԹՆ-ի համայնքում առաջատար դիրքեր գրավող երկրի կարգավիճակին, ներկայացրել են վերջին վավերացմանհաշվետվության մեջ արձանագրված ռազմավարական առաջարկությունները, ինչպես նաև անհրաժեշտ ուղղիչ գործողությունները: Հյուրերը ներկայացրել են նաև ԱՃԹՆ-ի 2023թ. ստանդարտի նոր պահանջները և մինչև 2025թ․ դրանց արձագանքելու անհրաժեշտությանը: Այդ օրը կայացավ նաև Zoom տեսազանգ՝ Գերմանիայի ԱՃԹՆ-ի քարտուղարության գործընկերների հետ, որի ժամանակ կողմերը կիսվել
են ԱՃԹՆ-ի աշխատանքային պլաններ կազմելու սեփական փորձով:
Պատվիրակության այցի վերջին օրը՝ հուլիսի 11-ին, Իբիս Երևան Կենտրոն հյուրանոցում կայացել է նաև ԱՃԹՆ-ի միջազգային և ազգային քարտուղարությունների համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի ԱՃԹՆ-ի գործընկերների հանդիպում» անունը կրող կլոր սեղանը, որին մասնակցել են Հայաստանում գրանցված միջազգային մի շարք կառույցների և երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների պատասխանատուները: Մասնակիցների թվում էին՝ World Bank, EBRD, GIZ, CIPE, EU հաստատությունների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի դեսպանությունների պատասխանատուները, ինչպես նաև Բելգիայի թագավորության դեսպան Էրիկ Դե Մյունքը և Շվեյցարիայի Դաշնության դեսպան Լուկաս Ռոզենկրանցը:
Կլոր սեղանը նախագահում էր ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, որը հյուրերին ներկայացրել է Հայաստանի ԱՃԹՆ-ի անցածճանապարհը, ներկա առաջնահերթությունները և հետագա հանձնառությունը: Նախագահողի խոսքը շարունակել է ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության տարածաշրջանային տնօրեն Մարկ Բըրնեթը, որը պատմել է Հայաստանի ԱՃԹն-ի ձեռքբերումների և ստանդարտի նոր պահանջներին համապատասխանելու համար պահանջվող անելիքների մասին, իսկ ազգային քարտուղարության ղեկավար Հասմիկ Մանուկյանը նշել է այն ուղղությունները, որտեղ կարող էին հատվել Հայաստանում գրանցված կառույցների նպատակային աշխատանքները և ԱՃԹՆ-ի գործունեությունը: Ներկա գտնվող կառույցների ներկայացուցիչները նշել են, որ ստացված տեղեկատվության հիման վրա իրենք կգնահատեն համատեղ աշխատելու հնարավորությունները, և անհրաժեշտության դեպքում կկապնվեն ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի հետ՝ կոնկրետ համագործակցության ծրագրեր մշակելու համար: