Արդեն երկրորդ մարդու գլխուղեղում հաջողությամբ տեղադրվել է Neuralink ընկերության իմպլանտը, որի նպատակն է անդամալույծ մարդկանց օգնել, որ կարողանան մտքի ուժով կառավարել համակարգիչը, YouTube-յան բլոգեր Լեքս Ֆրիդմանի հետ փոդքաստում ասել է ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկը, որին պատկանում է Neuralink-ը։
«Ես չեմ ուզում աչքով տալ, բայց կարծես ամեն ինչ շատ լավ է անցել այս իմպլանտի հետ: Այն ստանում է բազմաթիվ ազդանշաններ և ունի բազմաթիվ էլեկտրոդներ։ Այն հիանալի է աշխատում»,- ասել է Մասկը՝ հավելելով, որ բուժառուի ուղեղում գործում է 400 էլեկտրոդ։
Մասկը նաև նշել է, որ ընկերությունը նախատեսում է մինչև տարեվերջ Neuralink իմպլանտներով հիվանդների թիվը հասցնել 10-ի:
Ավելի վաղ Նոլան Արբոն՝ Neuralink չիպն ստացած առաջին մարդը, ասել էր, որ թեև էլեկտրոդների մի մասը պոկվել է իր ուղեղից (ներկայումս աշխատում է դրանց մոտ 15%-ը), սարքի արդյունավետությունը շարունակում է աճել։ Արբոն հույս էր հայտնել, որ փորձի հաջորդ մասնակիցը կկարողանա ակտիվացնել էլեկտրոդների 90-100%-ը, ինչը նոր հնարավորություններ կբացի, որոնք այժմ իրեն հասանելի չեն։
Նոլան Արբոն ողնուղեղի վնասվածքի պատճառով ամբողջովին անդամալույծ էր դարձել։ Սարքը տեղադրվել է ուղեղի այն հատվածում, որը պատասխանատու է մարդու շարժողական համակարգի գործունեության համար և միացված է միկրոլարերին, որոնք կարդում են ուղեղից ստացվող ազդանշանները: Դրանք անլար կերպով փոխանցվում են համակարգչային հավելվածին՝ բուժառուին հնարավորություն տալով սարքը կառավարել իր մտքերով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նոլան Արբոն Neuralink-ի իմպլանտի շնորհիվ արդեն շախմատ է խաղում համակարգչով, ինչպես նաև համակարգչային այլ խաղեր և հաղթում է առողջ մարդկանց։