Աստղերի մասին․ NASA-ն ցուցադրել է դեպի Արարման սյուներ թռիչքի տեսանյութը

ՆԱՍԱ-ի աջակցությամբ ստեղծվել է դեպի Ակվիլա համաստեղությունում (Երկրից հեռու է 5700 լուսատարի) գտնվող Արարման սյուների թռիչքի տեսագրությունը։ Վիրտուալ տեսախցիկը ոչ միայն մոտենում է փոշու և գազի այս վիթխարի բնական «քանդակին», այլև շրջում է դրա շուրջը՝ ցուցադրելով տիեզերական այս երևույթի ողջ շքեղությունը։ Hubble աստղադիտակի տեսանելի պատկերների և James Webb աստղադիտակի ինֆրակարմիր պատկերների համադրությունը թույլ է տվել շատ մանրամասներ տեսնել այս ձևավորման մեջ:

Արարման սյուները կազմված են սառը մոլեկուլային ջրածնից և փոշուց, սակայն այն մոնոլիտ չէ։ Ուժեղ քամիների և մոտակա երիտասարդ ու տաք աստղերի ճառագայթման պատճառով սյուներն սկսում են փլվել: Սյուների գագաթներին երևում են երկար, բարակ ճյուղավորված կառույցներ, որոնցից յուրաքանչյուրը ավելի մեծ է, քան մեր արեգակնային համակարգը:

«Թռնելով սյուների կողքով և արանքով՝ դիտողը ծանոթանում է դրանց եռաչափ կառուցվածքին և տեսնում, թե որքան տարբեր են դրանք երևում Hubble-ի տեսանելի լույսի և Jame Webb-ի ինֆրակարմիր լույսի ներքո»,- բացատրել է տեսանյուտի վիզուալիզացիայի գլխավոր մասնագետ Ֆրենկ Սամերսը։- «Տարբերությունն օգնում է բացատրել, թե ինչու մենք ունենք մեկից ավելի տիեզերական աստղադիտակ նույն օբյեկտի տարբեր ասպեկտները դիտարկելու համար»:

Այս կառույցների ներսում ջրածինը և փոշին սեղմվում են գրավիտացիայի հետևանքով՝ վերածվելով նոր, նորածին աստղերի: Այս նոր աստղերը կշարունակեն նյութը սյուների ներսում ցրելու գործընթացը: Սյուներից ամենաբարձրը տարածվում է վերևից ներքև 3 լուսատարի, ինչը Արեգակի և մոտակա աստղի միջև հեռավորության մոտ 70%-ն է:

Վիզուալիզացիայի ընթացքում երևում են ձևավորման տարբեր փուլերում գտնվող աստղեր՝ նախաաստղերից մինչև շիթեր արձակող նորածին աստղեր: Այս տարածաշրջանն այնքան հարուստ է աստղերի ձևավորման երևույթներով, որ գիտնականներին անընդհատ նոր տվյալներ է տրամադրում նման գործընթացների վերաբերյալ, ինչը, ի վերջո, թույլ է տալիս նորից ու նորից հարստացնել մեր գիտելիքները աստղերի էվոլյուցիայի առաջին քայլերի մասին:

ajax-loader